Խաղողի ու գինու բնօրրան` իմ հին ու նոր Հայաստան
Հայաստանի տարածքում, մասնավորապես` Վայոց Ձորում կատարվող նոր հայտնագործությունները կստիպեն աշխարհին ընդունել, որ Հայաստանն է խաղողի ու գինեգործության հայրենիքը: Խոսքը 6 հազար տարվա վաղեմության գինեգործական շինության մասին է, որի ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, և, ինչպես հավաստիացնում է ազգագրագետ Սուրեն Հովոսյանը, շատ շուտով գինեգործության պատմությունը սրբագրումների կենթարկվի:
Գինեգործության հայրենիք լինելով հանդերձ, մենք չենք պահպանել գինու նկատմամբ մեր հեղինակային իրավունքները. պատմական վայրիվերումները հնարավորություն չեն տվել: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այս հանգամանքը բացատրում է պատմական երկու խոշորագույն վերաձևումներով. «Հայաստանը բաժանվեց երկու մասի, Արևելյան Հայաստանը հայտնվեց Պարսկաստանի, իսկ Արևմտյան Հայաստանը` Թուրքիայի տիրապետության տակ: Հայկական մշակույթն իսլամի կողմից գենոցիդի ենթարկվեց: Իսլամի լուծը դեռ նոր թոթափած` մեր շուկան 1828-ին ընկավ օղու շուկա` հայտնվելով արդեն Ռուսաստանի տիրապետության տակ»: Նշված ժամանակաշրջանում Ռուսաստանն ու Խորհրդային Միությունը շուկայի բաժանում կատարեցին, ինչի արդյունքում Հայաստանը պատասխանատու դարձավ օղու և կոնյակի համար: «Բայց մենք,-ավելացնում է Ավագ Հարությունյանը,-գինու նկատմամբ միշտ պահպանել ենք մեր յուրահատուկ վերաբերմունքը: Շատ ազգեր ու ժողովուրդներ ունեն իրենց գինու աստվածը, մերը, սակայն, տարբերվում է բոլորից: Եթե, օրինակ, հունահռոմեական դիցաբանությունում գինու աստվածը հովանավորում է ցոփությունն ու շվայտությունը, մեր դեպքում խաղողի և գինու աստվածն ունեցել է կոնկրետ գործառույթներ»: Գինու հանդեպ հայ ժողովրդի յուրահատուկ վերաբերմունքի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ մենք դեռ շատ վաղուց խաղողն էտել ենք ոչ թե նրա համար, որ գարուն է, այլ նրա համար, որ գարուն գա: «Աշխարհը գինին ու խաղողը կարևորում է ըստ ծագման: Նոր ճաշակի որոնման ճանապարհները մի օր կբերեն խաղողի բնօրրան Հայաստան»,- վկայում է Ավագ Հարությունյանը:
ArmAr.am












