Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հայաստանում ռազմահայրենասիրական երգարվեստի որոշ դրսևորումներ

Նոյեմբեր 16, 2009թ. 16:16

Վահրամ Միրաքյան

«Հռոմը գնում է դեպի կործանում, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են »:

Լուկիանոս` հույն պատմաբան (մթ. 120-180)

Ինքնապաշտպանական ուժերի զգոնության, հայրենասիրական դաստիարակության, բանակի ոգու բարձրացման համար շատ կարևոր են երգերը: Իսկ ի՞նչ երգեր են այսօր երգվում բանակի համար: Նպատակ և հնարավորություն չունենալով ուսումնասիրել ժամանակակից բանակային երգարվեստի ողջ դաշտը՝ կանդրադառնանք ՀՀ ԶՈՒ-ի համար շատ կարևոր միջոցառման՝ 16 ամյակի համերգին:

Ստորև ներկայացնենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 16-րդ տարեդարձին նվիրված համերգը, որը կազմակերպել էր «Շարմ հոլդինգը»` 2008թ.-ի հունվարի 28-ին: Համերգն անցավ «16-Հայկական Բանակ» խորագրով (ի դեպ, 16 տարեկան է ՀՀ ԶՈՒ-ն, իսկ Հայկական Բանակն` առնվազն մի քանի հազար տարեկան է):

Մի կողմ թողնելով դատողությունները, թե որքանով էին ազգային այնտեղ հնչած երգերը, նրանց որ մասն էր վերցված ռազմահայրենասիրական երգերի մեր մեծ ժառանգությունից (ազգային, ռազմահայրենասիրական երգեր ընդհանրապես չկային)` շեշտը կդնենք միայն երգերի հաղորդած իմաստային տեքստերի բովանդակության վրա, քանզի հայտնի է, որ հաճելի երաժշտության ուղեկցությամբ մատուցվող երգի տեքստն ազդում է մեզ վրա` ենթագիտակցական տեսանկյունից:

Պետք է նկատել, որ համերգի ընթացքում հնչեցին մի շարք երգեր, որտեղ բանակում ծառայելուց ավելի շատ կարևորվում էր ծառայությունից վերադարձը և բանակում ծառայելը ներկայացվում էր որպես մի պարտականություն, որին «մի կերպ» պետք է դիմանալ:

Օրինակ` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու և ապրեմ այստեղ, իմ երկրում ուժեղ: Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած» («Ծառայելու եմ ես», երաժշտություն` Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Ավետ Բարսեղյանի, կատարողներ` Տիկո, Գոռ, Նարեկ Բավեյան: Մեջբերումը կրկներգից է):

Մեկ այլ հատված` «Մի նամակ, մի համբույր, մի տխրիր դու իզուր, սիրելիս, սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ»: («Մի նամակ», հեղինակ` Մարինե Թագակչյան, կատարող` Արամե: Մեջբերումը կրկներգից է):

Որպեսզի առավել ընկալելի դառնա, թե ինչ չափով է ժամանակակից հայկական երգարվեստը նահանջ կատարել ռազմահայրենասիրական ժանրից, ստորև մեջբերենք մոտ հարյուր տարի առաջ մեր ժողովրդի ստեղծված` «Ձայն տուր, ով Ֆետայ» երգից մի հատված:

Ձայն տուր, ով ֆետայ, ինչու՞ ես տրտում,

Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,

Ավա~ղ, երկար մտածում:

Տխուր, երկար մտածում:

Շարժեցեք, տղերք, սուրեր շողողուն,

Թափեցեք կրակ թշնամյաց գլխուն,

Գազան թշնամյաց գլխուն,

Դաժան թշնամյաց գլխուն:

Եվ այլն…

Այստեղ նպատակը հստակ է` պետք է կռվել, պետք է ոչնչացնել թշնամուն, իսկ վերը նշված ժամանակակից երգերում կարծես թե գլխավոր նպատակը բանակից վերադառնալն է, բացի այդ` չկա ոչ մի խոսք թշնամուն հաղթելու, երկիրը պաշտպանելու մասին, ինչը շատ կարևոր է առողջ զգոնության պահպանման համար:

Հակառակորդին հստակ մատնանշող նմանատիպ օրինակներ մենք հանդիպում ենք նաև այլ ազգերի ռազմահայրենասիրական երգարվեստում[1]: Հիշեցնենք, որ հայկական ազգային ռազմահայրենասիրական երգարանից «Հայկական բանակ-16» համերգի ժամանակ չի հնչել և ոչ մի երգ:

Ռազմահայրենասիրական երգը յուրաքանչյուր ազգի ռազմական ավանդույթների կարևորագույն տարրն է և, ինչպես արդեն վերևում ասացինք,  լուրջ ներազդեցություն է ունենում մարդկանց ենթագիտակցության վրա: Ռազմահայրենասիրական երգն է, որ հայի մեջ պետք է բորբոքի հայրենասիրության զգացումը, նրան մղի թշնամու դեմ կռվի, եթե հարկ է` պատրաստ լինել  նաև մեռնել հանուն հայրենիքի: Իսկ արդյոք այսօրվա երգերը կատարո՞ւմ են այդ կարևոր դերը. «Մի նամակ», «Ես շուտով տուն կգամ», «Կեցցե արձակուրդներ» ու նմանատիպ երգերը լսողները, վստահ եմ, որ վաղը հաստատ չեն գնա պատերազմի: Դրանք խորհրդային շրջանի հայրենասիրական երգերի ավանդույթների շարունակողներն են, իսկ այդ շրջանի նման երգերն ավելի ինտերնացիոնալ էին և չէին կարող արտահայտել առանձին ազգերի ավանդույթները: Բացի այդ, ինչպե՞ս կարելի է բանակի տոնին նվիրված համերգին չհնչեցնել մեր լավագույն ռազմահայրենասիրական երգերը, որոնք ամբողջությամբ ներկայացնում են մեր հայկական ռազմական ավանդույթները. չէ՞ որ այս ռազմաշունչ երգերը երգելով է հայը կռիվ գնացել:

Ընդհանրապես, ժամանակակից հայրենասիրական երգերում, և, մասնավորապես «Հայկական բանակ-16» տոնական համերգացանկում, գերազանցում են տխուր, թախծոտ տոնայնություն ունեցող երգերը, ինչը նույնպես չի կարող անհետևանք մնալ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա` բացասական ազդեցության առումով:

Օրինակ` «Հայկական բանակ-16»-ում հնչած 15 երգերից միայն մեկ երգ էր («Տեր աստված, ուժ տուր մեզ», հեղինակ` Վաչե Ավեյան, կատարող` Արման Հովհաննիսյան), որը հստակ ոգևորող զգացմունքներ էր առաջացնում, մնացած 14-ը հանգիստ երգեր էին, որոնք մելամաղձոտ տրամադրություն էին հաղորդում:

Թախծոտ երաժշտության հետ կապված ևս մեկ դիտարկում` հայկական տարբեր հեուստաալիքների «հիթ շքերթներին» մոտ մեկ ամիս (2008թ. հունիս-հուլիս) հետևելով  պարզեցինք, որ բացարձակ մեծամասնությունում` 70-80 տոկոս, գերակշռող են տխուր երգերը:

Եթե այս ամենին գումարենք այն, որ հայ հանրության մի մեծ զանգված էլ գերադասում է արաբա-թյուրքական ծագում ունեցող «ռաբիս» երաժշտական ոճը, որում նույնպես գերակշռողը «թախծոտ» երգերն են, ապա պարզ կդառնա, թե ինչու է` «Որքանո՞վ եք ձեզ երջանիկ զգում ձեր երկրում[2]» հարցման արդյունքում Հայաստանը մասնակից  97 երկրների շարքում զբաղեցրել 96-րդ տեղը:

Երաժշտությունն այն գործիքն է, որի միջոցով կարելի է ներազդել հանրության բարոյական նկարագրի, ազգային ոգու, հայրենասիրական զգացումների վրա: Այդ պատճառով պետական լուրջ մոտեցումը նման հարցերին խիստ կարևոր է, որովհետև շատ հոգեբանական, հայրենասիրական-դաստիարակչական խնդիրներ կարելի է լուծել հե՛նց երաժշտության միջոցով:


[1] http://www.vor.ru/culture/cultarch321_rus.html#1, http://harchikov.pp.ru/, http://www.pakhmutova.ru/songs/rep1975.shtml

[2] http://www.armtown.com/news/am/has/20080702/268986449/, 2 հուլիսի, 2008թ.

Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: Իրենց ամենից դժբախտ համարող մարդիկ ապրում են Զիմբաբվեում, Զիմբաբվեից հետո` Հայաստանում: ԱՄՆ-ը զբաղեցրել է 16-րդ տեղը: Հետխորհրդային երկրները հայտնվել են ցուցակի ետնամասերում:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն