Կ. Բեքարյան. Հարաբերությունների արգելակումը Թուրքիայի շահերից չի բխում
«Հոկտեմբեր ամիսը սարերի հետևում չէ, և սեպտեմբերին որոշ զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերություներում»,- կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում նա կարծիք հայտնեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները փակուղի մտնեն, Թուրքիան փորձելու է ողջ մեղքը բարդել Հայաստանի ուսերին: Որպես հիմնավորում` նա մատնանշում է թուրքական մամուլը, որում հանդես եկող գարծիչները ՀՀ նախագահի` միայն բաց սահմանի պարագայում Թուրքիա գնալու հայտարարությունը համարում են նախապայման:
Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ գործընթացի արգելակումը Թուրքիայի շահերից չի բխում: «Եթե ուզում ես տարածաշրջանում ունենալ ակտիվ դերակատարում, չես կարող այդ տարածաշրջանային պետություններից մեկի հետ չունենալ հարաբերություններ»,- նշեց Կ. Բեքարյանը` հավելելով, որ Թուրքիան գտնվում է ավելի մեծ իմիտացիոն դաշտում, քան հայ-թուրքական հարաբերություններն են: Թուրքիան ունի շատ ավելի ծանր խնդիրներ` Կիպրոսի և քրդական հարցերը, որոնք խանգարում են մեր հարևանին ինտեգրվել եվրոպական ընտանիքին: Թուրքիան, ըստ Կ. Բեքարյանի, պետք է ցույց տա, որ գոնե մեկ կարևոր հարցում ունի սուր առաջընթաց: Կիպրոսի կամ քրդական հարցերում նման առաջընթաց գրանցել չի կարող, մնում է հայ-թուրքական հարաբերությունները:
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեգեր` Եվրոպական ինտեգրացիա, Կարեն Բեքարյան












