ԼՂՀ պատվիրակությունը գոհ է Ֆրանսիա և ՌԴ կատարած այցի արդյունքներից
Օրերս ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցած մամլո ասուլիսում ներկայացվել են ԼՂՀ պատվիրակության արտերկիր կատարած այցի արդյունքները։
Լրագրողների հարցերին պատասխանել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ պատվիրակության առջև խնդիր էր դրված անհրաժեշտ նախապայմաններ ստեղծել՝ միջխորհրդարանական համագործակցության համար։
Կարևորվել է մշակութային կապերի հաստատման ու համագործակցության, տեղական ինքնակառավարման համակարգի միջազգային փորձի ուսումնասիրության և ԼՂՀ մայրաքաղաքի զարգացման ծրագրերում գործընկեր քաղաքների ներգրավման ու փոխշահավետ համագործակցության ապահովման հնրավորությունները։
Ֆրանսիա մեկնելու համար առիթ է հանդիսացել, ՖրանսիայիԱզգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի ԼՂՀ պատվիրակներին հյուրընկալելու ցանկություն-հրավերը։
Արցախից ժամանած պատվիրակության պատվին՝ ֆրանս-հայկական պատվիրակության խմբի կողմից Ֆրանսիայի ԱԺ շենքում կայացել է ընդունելություն՝ պաշտոնական ընդունելությունների ընդունված արարողակարգով։
Հատուկ ընդունելություն է տեղի ունեցել նաև Մարսելի քաղաքապետարանի պաշտոնական ընդունելությունների սրահում, որտեղ պատվիրակության անդամներին և միջոցառմանը հրավիրված շուրջ հարյուր ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչներին ընդունել և ողջույնի ջերմ խոսքով դիմել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը։
Այցի մասնակիցները կարևորեցին նաև հանդիպումները Ֆրանսիայի Բյուշ-Դու-Ռոն շրջանի ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի և Ֆրանսիայի Սենատի ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի հետ։
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ ֆրանսիական տարբեր քաղաքների քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ
Բացի պաշտոնական հանդիպումներից ԼՂՀ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են ֆրանսահայ համայնքի հետ։ Փարիզում և Մարսելում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել այդ քաղաքներում գործող ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդների, ինչպես նաև Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնող, կամ էլ՝ առաջիկայում նման խնդիրների հետամուտ ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՌԴ մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում, ԼՂՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ խորհրդարանում, Մոսկվայի քաղաքապետարանում, մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ։
ՌԴ Պետդումայում ԼՂՀ պատվիրակությանն ընդունել է Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին և «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական խմբի համակարգող Իգոր Չերնիշենկոն։
Աշոտ Ղուլյանի խոսքով, Ֆրանսիա և Ռուսաստան կատարած այցի ընթացքում բավականաչափ նյութ է հավաքվել, որոնք ենթակա են մշակման ու լրացուցիչ վերլուծության «Կարծում եմ, որ պատվիրակության բոլոր անդամների կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ կոնկրետ համաձայնությունների, նախնական պայմանավորվածությունների հանրագումարում՝ մեր այցելություններն արդյունավետ ու հաջողված ենք համարում» – ասել է Աշոտ Ղուլյանը
ArmAr.am












