Արցախը կարող է դառնալ հայոց միասնության բանալին
Մեր իրականությանը և ազգային նկարագրին ավագ դպրոցի համապատասխանությունից մինչև Արցախի շուրջ և ընդհանրապես տարածաշրջանում ծավալվող դիվանագիտական անցուդարձ. հարցերի նման լայն շրջանակ է քննարկվել նախագահ Բակո Սահակյանի և Արցախի մայր բուհի տարեդարձի առթիվ Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ հայաստանյան մի շարք բուհերի ղեկավարների հանդիպման ընթացքում:
«Հայությունն այսօր բավական բարդ օրեր է ապրում, և ցանկացած սխալ կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Նման վճռական պահին առավել քան անհրաժեշտ է ապահովել, դեռ ավելին, անհրաժեշտ է նյութականացնել հայության միասնության գաղափարը: Արցախը կարող է դառնալ այդ միասնության բանալին»,- համոզված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Իսկ մեր ընդհանուր հայրենիքի ազատագրված այս հատվածը լավագույն պայմաններն ունի հայության միասնության գաղափարը գործնականում կյանքի կոչելու համար:
Երկրի ղեկավարը պատասխանել է նաև հյուրերի հարցերին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ նախագահը լուրջ տեղաշարժ չի ակնկալում` հատկապես բանակցությունների ներկա ձևաչափում: Այս խնդրի առթիվ ղարաբաղյան կողմն ունի իր սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը:
Հյուրերը հետաքրքրվեցին Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհի բարեկարգման խնդրով: Նախագահը տեղեկացրեց, որ այդ հարցը հայկական երկու հանրապետությունների միջև քննարկվել է ամենաբարձր մակարդակով. արցախյան կողմն արդեն սկսել է աշխատանքները:
Իսկ հայրենիքի շենացումը կարելի է սկսել ամենափոքր գործից` համոզված է Բակո Սահակյանը: Հենց այս կարգախոսով վաղը Շահումյանի շրջանում կլինեն Ստեփանակերտ ժամանած հյուրերը և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանյան բուհերի ուսանողների մասնակցությամբ արդեն 10-րդ ավանդական ծառատունկն այս անգամ ԼՂՀ նախագահի նախաձեռնությամբ որոշվել է անցկացնել հենց Շահումյանի շրջանում:
Նորայր Հովսեփյան












