Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Պետական աջակցություն` գյուղատնտեսությանը

Նոյեմբեր 16, 2009թ. 17:00

Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության  ոլորտի պատասխանատուների, շրջվարչակազմերի ղեկավարների ու շրջանային գյուղբաժինների վարիչների մասնակցությամբ կառավարությունում հրավիրվել էր խորհրդակցություն:       Գյուղնախարար Ա. Ծատուրյանը ներկայացրեց այս տարվա հացահատիկի բերքահավաքի ցուցանիշները. ցորենի միջին բերքատվությունը կազմել է 15,5, իսկ եգիպտացորենինը` 25,9 ցենտներ:

Նիստը նախագահող ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դժգոհություն հայտնեց եգիպտացորենի ցածր բերքատվության առթիվ` շեշտելով գյուղբաժինների մասնագիտական անբավարար աշխատանքը: Նա շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգեց` անհրաժեշտության դեպքում գյուղբաժինները համալրել նոր մասնագետներով: Այս գործում կարևոր դեր է հատկացվում գյուղնախարարությանը: Գյուղբաժինների վարիչներն ատեստավորում կանցնեն: Այսուհետ պետական աջակցությունը հասցեագրվելու է այն ֆերմերներին, ովքեր հողի մշակությունը կիրականացնեն լրիվ ագրոկանոններով: Նախատեսվում է, որ նման դեպքերում վարկ կտրամադրվի նաև առանց գրավի:

Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները: Գյուղնախարարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում աշնան ցանք կատարվել է ավելի քան 30 հազար հեկտարի վրա: Վարչապետը հորդորեց օգտվել եղանակային բարենպաստ պայմաններից և առաջիկա  օրերին ցանքատարածությունները հասցնել նախատեսված` ավելի քան 45 հազար հեկտարի:

Հատուկ ուշադրություն կդարձվի վնասատուների դեմ պայքարին: Գնայուկ բզեզի օջախներ են հայտնաբերվել Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում: Նպատակային միջոցառումներ են իրականացվում գնայուկ բզեզի և մկնանման կրծողների դեմ: Կառավարության ղեկավարը իրավասու օղակներից պահանջեց պայքարը տանել համատարած կարգով և առաջին փուլը ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 15-ը:

Խորհրդակցությունում անդրադարձ եղավ նաև թունաքիմիկատների, պարարտանյութերի, եգիպտացորենի որակյալ սերմի անհրաժեշտ քանակությամբ ապահովելու հարցերին:

Խորհրդակցության վերջում համառոտ տեղեկատվություն է ներկայացվել գյուղատնտեսական  վարկերի մարման ընթացքի մասին. ներկայումս վերադարձվել է վարկերի մոտ 80 տոկոսը:

Նորայր Հովսեփյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն