Գլխավոր » Լրահոս

Արցախում կայացավ ասմունքի փառատոնի երկրորդ փուլը

Նոյեմբեր 16, 2009թ. 18:18

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած ասմունքի փառատոնը, որն ընդգրկում է Հայաստանը, Արցախն ու Ջավախքը, նոյեմբերի 15-ին  հանգրվանել էր Արցախում: Փառատոնն անցկացվում է 11-14 և 15-17 տարիքային խմբերի դպրոցականների շրջանում: Նախաձեռնությունը «Մետաքսյա Սիմոնյան» մշակութային հիմնադրամինն է:

Չափածո քաղաքականություն` մանուկների կատարմամբ. այսպես կարելի է բնորոշել ԼՂՀ Ազգային ժողովի դահլիճում ՀՀ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնի երկրորդ փուլը:

Թեման ազատ էր, սակայն մեծ մասամբ ներկայացվեցին հայրենասիրական գործեր: Ազգային ժողովի դահլիճում հայրենասիրություն էին քարոզում մանուկները:

Տրամադրությունը,  որ իրենց ասմունքով ստեղծել էին երեխանները, պարուրել էր բոլորին: Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչներից կազմված ժյուրին դժվար պարտականություն ուներ.  պիտի ընտրեր լավագույն վեցնյակին` նոյեմբերի 28-ին ասմունքի փառատոնի Երևանում կայանալիք երրորդ փուլին մասնակցելու համար:

Փառատոնի մասնակիցներին ողջունեցին նաև  ԼՂՀ ԱԺ նախագահ  Աշոտ Ղուլյանն ու  ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն  Աշոտյանը:

Մրցույթի 16 մասնակիցներից մրցութային հանձնաժողովն ընտրեց 6-ին` երկու տարիքային խմբում: Նվերներ ստացան փառատոնի մասնակից բոլոր երեխաները:

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանձնախմբի անդամների հետ հանդիպման ընթացքում կարևորել է փառատոնը` որպես մատաղ սերնդի մոտ պոեզիայի հանդեպ սեր դաստիարակելու արդյունավետ միջոց:

Նորայր Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն