Գլխավոր » Լրահոս

Կալանավորվել է պետեկամուտների կոմիտեի աշխատակից Վահե Դավթյանը

Նոյեմբեր 16, 2009թ. 17:50

Հատուկ քննչական ծառայության լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը 2 մարդու մահվան պատճառ է դարձել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով այսօր կալանավորվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դավթյանը, հոկտեմբերի 9-ին, ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելու ճանապարհին թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

Մասնավորապես, Գայի պողոտայով ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ, լուսացույցի արգելող կարմիր լույսի ազդանշանի պայմաններում մուտք գործելով Գայի պողոտա և Ն. Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իրեն զրկելով ճանապարհա-տրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է միամգամից 4  «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների:

Վթարի հետևանքով մեկ  «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանը և ուղևոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, 2009 թվականի նոյեմբերի 16-ին Վահե Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն