Թուրքական խանութ` հայկական տեքստիլի ավերակների վրա
ArmAr.am-ն` իր հոդվածի հետքերով
Օրեր առաջ ArmAr.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ Երևանում բացվել է բացառապես թուրքական ապրանքներ վաճառող խանութ: Շենքի ճակատային մասում էլ թուրքերեն` մե~ծ-մե~ծ տառերով գրված էր` Yakut ev tesktil (տեքստիլ` տան համար):
Մեր ահազանգին անմիջապես արձագանքեց ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը` դիմելով խանութի տերերին և իր լիազորությունների շրջանակներում պահանջելով ապամոնտաժել թուրքերեն վերտառությունները: ArmAr.am-ի հրապարակմանը արձագանքեց նաև հայկական հեռուստատեսություններից մեկը: Անակնկալը, սակայն, առավել քան մեծ էր, երբ հեռուստաալիքի լրագրողն անցավ թուրքական խանութի պաշտպանության գործին` այսպիսի շեշտադրմամբ.
«Հայ-թուրքական հարաբերություններն առաջ են անցել քաղաքական հարթությունից: Թուրքական տեքստիլ ապրանքների բացառիկ ներկայացուցիչը Երևանում է… Խանութի տերերին, սակայն, արդեն անհանգստացրել է Լեզվի պետական տեսչությունը: Խոստացել են հարցը կարգավորել առաջիկա օրերին: Մյուս առումներով խնդիրներ չկան, մանավանդ որ ապրանքները մատակարարում է մի թուրք գործարար, որն իրականում ծպտյալ հայ է», – սա հեռուստալրագրողի խոսքերից է:
Ի՞նչ է ստացվում, թուրքերը լավ են հասկանում, որ Հայաստանում իրենց գրկաբաց սպասողներ չկան, բայց հիմա էլ շահարկվում է ծպտյալ հայերի հանգամա՞նքը: Գուցե մեկ օր էլ չզարմանա՞նք, եթե Թուրքիայում 71 միլիոն ծպտյալ հայ հայտնաբերվի, և նրանք ցանկանան մեր երկրում ապրել կամ այստեղ բիզնեսով զբաղվել: Հայաստանցի առևտրականներն էլ, բնականաբար, ամեն ինչի պատրաստ են, միայն թե կարողանան թուրքական էժան ու անորակ ապրանքը մեր երկիր բերել և այստեղ թանկ վաճառել: Զարմանալի է, սակայն, մեր երկրի պետական մարմինների քար անտարբերությունն ու որոշ լրատվամիջոցների ոգևորությունը: Նշելով ընդամենը, թե Հայաստանում առկա է անհանգստություն` թուրքական խանութների ի հայտ գալու առիթով, հայ լրագրողը հորթի հրճվանքով «փաստում» է, թե մեզ սպասվում է «տնտեսական հսկայական առաջընթաց»: Եվ դա այն դեպքում, երբ հին ավանդույթներ ունեցող Հայաստանի տեքստիլ արտադրությունը, անկախացման առաջին իսկ տարիներին, հայրենի իշխանությունների թեթև ձեռքով, ավերակների վերածվեց, թալանվեցին տեքստիլի գործարանները, սարքավորումներն էլ, որպես մետաղի ջարդոն, վաճառվեց Իրանին: Իսկ այսօր մենք մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք թուրքական տեքստիլ ներկրել ու շարունակել երազել տնտեսական առաջընթացի մասին…
Մենք խոստացել էինք, որ խնդրի հետքերով կգնանք մինչև վերջ: ArmAr.am-ը տեր է կանգնում իր խոստմանը: Մենք Լեզվի տեսչության միջոցով դեռ կստիպենք խանութի թուրքասեր տերերին Երևանի փողոցներից մաքրել թուրքերեն գրառումները, հաջորդ քայլը կլինի խանութի` որպես թուրքական տնտեսության ներկայացուցչի, կասեցումը: Թուրքերի հեռահար նպատակների առաջին քայլերը ձախողելն ավելի հեշտ է այսօր, քան վաղը դրանց մի ամբողջ բանակի դեմ պայքարելը:
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ












