Սահակաշվիլուն խորհուրդ կտանք նախ պարզել, թե մեզանից ո՞վ է գաղթականը
Սահակաշվիլուն խորհուրդ կտանք նախ պարզել, թե մեզանից ո՞վ է գաղթականը
Armar.Am կայքն արդեն տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգոստոսի 24-ին ուղերձով դիմել է «Էրզրումից գաղթած հայերին», որոնք վրացական մամուլի հաղորդմամբ` բնակվում են Ախալցխայի, Ասպինձայի և Ախալքալաքի շրջաններում: Նույն օրը, Վրաստանի իշխանություններն Ախալցխայի Սխվիլիսի գյուղում կազմակերպել են Էրզրումից Սամցխե-Ջավախք հայերի «գաղթի» 180 -ամյակին նվիրված միջոցառումներ:
Նշենք, որ Վրաստանի իշխանությունների այս «միջոցառումն» ունի ընդգծված հակահայկական բնույթ: Նման ճանապարհով Վրաստանի ղեկավարները պարզապես փորձում են ցույց տալ, իբր Սամցխե–Ջավախքի հայերը տեղաբնիկ չեն, այլ այստեղ են եկել Էրզրումից` փորձելով փրկվել թուրքերի կողմից կազմակերպվող կոտորածներից: Այս «թեզն» ապացուցելու համար վրացիները, սակայն, չեն բավարարվում միայն այսպիսի «անմեղ» միջոցառումներով: Վրաստանում հետևողականորեն իրականացվում է հայերի հետքն այդ երկրից ջնջելու քաղաքականություն: Դրան են ուղղված հայկական մշակութային կոթողներից մեսրոպատառ արձանագրությունների ոչնչացումը, տեղի հայերին մայրենի լեզվով ուսուցանելու հնարավորությունից զրկելը, երիտասարդ քաղաքական ակտիվիստների ձերբակալություններն ու ֆիզիկական լիկվիդացումը և այլն:
Իհարկե, Սամցխե-Ջավախք հայկական տարածաշրջանի ոչ բոլոր հայերն են տեղաբնակ: Այնտեղ քիչ չէ նաև Էրզրումից եկած հայերի թիվը: Սակայն նրանք չեն կարող կոչվել գաղթականներ, քանի որ տեղափոխվել են իրենց Հայրենիքի մի անկյունից մյուսը: Կոչել նրանց գաղթական` նույնը կլինի, եթե այդպես կոչենք նաև Գյումրիում բնակվող գորիսեցուն: Ինչ վերաբերում է վրացիներին, ապա նրանք Սամցխե-Ջավախքում հայտնվել են ընդամենը սովետական տարիներին, երբ այդ տարածաշրջանը ապօրինի միացվել է Վրաստանի Խորհրդային Հանրապետությանը:












