Լևոն Շիրինյան. «Այսօր մեր առաջնային խնդիրը տարածքների բնակեցումն է»
«Ազատագրված տարածքներ» տերմինը ժամանակավրեպ է, և անիմաստ է այն այլևս գործածելը: Դրանք պետք է անվանել Արցախի ոչ խիտ բնակեցված տարածքներ: Կա Արցախի Հանրապետություն` իր ներկայիս տարածքով, որի որոշ մասը դեռ ազատագրելու կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, երբ նրան խնդրեցինք խոսել ազատագրված տարածքների ռազմավարական կարևորությունից:
-Այդ տարածքները նախ և առաջ ունեն ռազամավարական նշանակություն:
Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվի` օգտագործելով իր աշխարհագրությունը: Իսկ այսօր Հայաստանն ունի հզոր կառույցներ ու հզոր տեղագրություն. Հայաստանի արևելյան սահմանը, որ նույն Արցախի Հանրապետության արևելյան սահմանն է, անխոցելի է. մեր բանակն ամուր է կանգնած: Ռազմավարական տեսանկյունից հայոց լեռները դարձել են պատնեշ թշնամու համար: Այդ իմաստով Հայաստանի պաշտպանությունը` տարածաշրջանի երկրների մեջ, ամենաանխոցելին է: Հետևապես, ներկայիս դիրքերից մեր բանակը անգամ փոքր-ինչ տեղաշարժելը խիստ վտանգավոր կլինի: Ադրբեջանական ճնշմանը հնարավոր չի լինի դիմագրավել: Թեկուզ մեկ քայլ նահանջը կնշանակի դավաճանել հայրենիքը: Ըստ մասնագետների ուսումնասիրությունների, ադրբեջանական կողմին անհրաժեշտ կլինի մեկ հայ զինվորի դեմ վեց ադրբեջանցի զինվոր ունենալ` այդ ճակատը հաղթահարելու համար:
Իհարկե, սա դիտարկում է պաշտպանական տեսանկյունից: Բայց ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ սպասում, որ իրենք հարձակվեն, մենք պաշտպանվենք: Մենք անվերջ հեռանում ենք հարձակվողական ռազմավարությունից, և պաշտպանվողական դիրքեր ենք ընդունում: Այդպես դառնում ենք ուրիշի ռազմավարության և քաղաքականության գերին: Պետք է մենք ինքներս նախահարձակ լինենք:
Հայ ժողովուրդը պետք է մի հարցում վստահ լինի. եթե ինքը նորից ցեղասպանության վտանգի առաջ է կանգնելու, ուրեմն ինքը պետք է վտանգ ու սպառնալիք ստեղծի ցեղասպանների համար: Միայն ուժեղ լինելու դեպքում քեզ հետ հաշվի կնստեն: Հիշե’ք, ուժեղները վերցնում են այնքան, որքան իրենք են ուզում, թույլերին թողնում են վերցնել այնքան, որքան կրկին իրենք են կամենում: Այս սկզբունքը գործում է դարեր ի վեր:
Իսկ այսօր մենք ունենք բոլոր հնարավորությունները` ուժեղ լինելու և դրանով իսկ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու` շնորհիվ երկու կարևոր ճնշման կետերի, որոնք չի’ կարելի փոփոխել: Առաջինը Եվլախի կայարանն է, որը հայկական առաջավոր պաշտպանական դիրքերից ընդամենը 40 կիլոմետր է հեռու: Այստեղ են գտնվում ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Դա, կարելի է ասել, Ադրբեջանի սիրտն է: Ընդամենը մի հարված Եվլախին, ու Ադրբեջանը կմեռնի: Կմեռնեն նաև նրա նավթի ու գազի մասին պատմությունները:
Տարածաշրջանում շահագրգիռ բոլոր ուժերը վախենում են Եվլախի վրա հայկական ճնշումից: Անթույլատրելի է որևէ նահանջ այստեղից:
Մեր երկրորդ ճնշման կետը Հորադիսն է, որի շնորհիվ հայ–իրանական սահմանը դարձել է մոտ 210 կիլոմետր: Եթե մեր բանակի թեկուզ մեկ զինվորին այդտեղից դուրս բերենք, մեզ համար ամենաապահով, ամենակարևոր և ամենաանխոցելի սահմանը կկրճատվի: Ի դեպ` այս հատվածը նույն նշանակությունն ունի նաև Իրանի համար: Իրանի հյուսիս–արևելքում գտնվող Ատրպատական նահանգն ամբողջովին բնակեցված է թուրք ազգաբնակչությամբ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ իրարանցում կսկսվի, եթե դա դառնա ադրբեջանա-իրանական սահման:
Ի վերջո, կստացվի, որ այս համաշխարհային ճնշումների մեջ մենք էլ մեր հերթին ենք մեր բարեկամի համար ստեղծում անկայուն վիճակ:
Վստահ եղեք, եթե հայկական զինուժը նահանջի այդտեղից, Պարսկաստանը Հայաստանին կպատժի:
Եթե անգամ տեսականորեն դիտարկենք մեր զորքերի տեղաշարժվելու որևէ հնարավորություն, ուրեմն Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է ժողովրդին հրապարակայնորեն ասի, թե` բանակը, թեկուզ մեկ կիլմետր տեղաշարժելուց հետո, ինչպես պետք է նոր պաշտպանություն կազմի և կարո՞ղ է կազմել, թե՞ ոչ: Ես վստահ եմ` չի կարող: Մեր ներկայիս աշխարհագրական բնական սահմանները ամենահարմարն են ու հուսալին: Ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդների անվտանգությունը խաթարել: Բոլոր նրանք, ովքեր խոսում են ինչ–որ տարածքներ հանձնելու մասին, իրենց երեխաների ու թոռների համար անապահով իրավիճակ են ստեղծում: Դա դավաճանություն է, և մեկ սխալը կարղ է ողբերգական դառնալ ողջ ազգի հետագա սերունդների համար:
Ինչպե՞ս կարելի է դրա մասին մտածել, երբ մեր զինվորներն այսօր, խրամատներում դիրքավորված, իրենց կյանքի գնով պաշտպանում են սահմանները: Ի՞նչ են նրանց ասելու վաղը:
Պետք է կարևորել ևս մեկ հարց` Հայաստան պետության ռազմավարական արժեքը. որևէ տարածք հանձնելու դեպքում Հայաստանը կթուլանա, իսկ դրանում շահագրգիռ որոշ պետություններ կօգտվեն դրանից: Իսկ ուժեղ լինելու և պայքարելու դեպքում բարեկամներ միշտ կգտնվեն: Այսօր Հայկական շեղանկյունը սեպի պես խրվել է պանթուրքիզմի ծրագրի մեջ: Կան երկրներ, որոնք նույնպես պայքարում են պանթուրքական ծրագրի դեմ, բայց ոչ Հայաստանի պես: Եթե մենք ուժեղ չեղանք, չպայքարեցինք ու թեկուզ մի փոքր թուլացրինք մեզ, մեր բոլոր համախոհները կթողնեն, կհեռանան: Հակառակ դեպքում նրանք մեզ միշտ կաջակցեն:
Իսկ մենք անընդհատ տարվում ենք համաշխարհային ինչ–որ շարժումներով` համաշխարհային կոմունի~զմ, համաշխարհային սոցիալի~զմ, համաշխարհային դեմոկրատիա~…Այսօր ի՞նչ մեզ մնաց դրանցից` ոչինչ: Այնպես որ, պետք չէ համաշխարհային արժեքների համար մեզ կոտորել: Կարևորը մեր ազգային շահերն են:
Այսօր մեր առաջնային խնդիրը տարածքների բնակեցումն է և այն ամենի ոչնչացումը, ինչը կարող է վնասել մեր պաշտպանությանը:
Օրինակ` ես առաջարկում եմ այդ քիչ բնակեցված տարածքներում բնակեցնել դատապարտվածներին, որոշակի տարածքային սահամանափակումով, թող ապրեն, ընտանիք կազմեն, հող մշակեն և ոչ թե բանտում նստած Հայաստանի պետական ունեցվածքը սպառեն: Այդպես է բնակեցվել Ամերիկան: Հավատացեք, այսօր քչերն են հիշում այդ մասին:
Կարևորը` հայրենիքին տեր կանգնելն է: Արյունով վերցված հայրենի հողը չի կարելի հանձնել թշնամուն: Մի այլ տարբերակ էլ կա. չենք կարողանում բնակեցնել, թող դատարկ մնա, թող հազար տարի էլ այդպես մնա: Միայն թե թուրքը չապրի այնտեղ:
Անի Աբովյան












