Ադրբեջանի իշխանությունները ինքնասպանության են մղում ողջ ընտանիքի
Բաքվում մի ամբողջ ընտանիք սպառնում է դիմել ինքնասպանության: Այս մասին հայտնում է «Նովոստի Ազերբաջանա» պարբերականը:
Ըստ մեր ստացած տեղեկատվության, ընտանիքն այս ծայրահեղ քայլին է դիմել` պահպանելու համար իր բնակարանը. իշխանությունների որոշմամբ շենքը համարվում է վթարային ու ենթակա է փլուզման: Մինչդեռ դատարանում հարցի շուրջ ընթացող գործը սառեցվել է բնակիչների բողոքների հիման վրա, ու շենքն այդպես էլ պաշտոնապես վթարային չի ճանաչվել: Եռահարկ շենքի բնակիչներին յուրաքանչյուր քմ-ի դիմաց առաջարկվել է 2,5 հազար մանաթ, ինչի դեմ բողոքող բնակիչները պահանջել են պարզապես, վերականգնել շինությունը` առանց այն քանդելու:
Բնակիչների վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն արդեն 3 օր է, ինչ արգելափակել են գազի ու էլեկտրաէներգիայի մուտքը հիշյալ բնակարան: Իսկ այսօր, պարբերականի հաղորդմամբ, տան շուրջն արդեն տեղադրել են շինարարական ցանկապատ: Ստացվում է, որ եթե անգամ ինքնասպանության պատրաստ ընտանիքը մինչև վերջ մնա այդ բնակարանում, իշխանությունները, միևնույն է, բնակիչներով հանդերձ կքանդեն եռահարկ այդ շինությունը:
ArmAr.am












