Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանն ընդունել է ռուսական հեռուստատեսության ներկայացուցիչներին

Նոյեմբեր 16, 2009թ. 20:10

Serj SargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակում Երեւանում գտնվող մի շարք ռուսական  հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ  ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը,  Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները պահանջում են մշտական հոգածություն բոլոր բնագավառներում: «Մենք մեծ  նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը նաեւ հումանիտար ոլորտում:  Մենք հոգեհարազատ ազգեր ենք.  մեր նախապապերը, մեր պապերը, մեր ծնողներն ընկերություն են արել: Մենք այսօր շարունակում ենք այդ ընկերությունը, սակայն, կարծում եմ, որ պետք է ելնել այն հանգամանքից, որ այս հարաբերություններն ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Աշխարհը փոփոխվում է, մարդիկ նոր մտածելակերպով ավելի ու ավելի են ազդում հասարակական կարծիքի վրա, ուստի, մեր խնդիրն է հստակորեն հիշել մեր երեկվա օրը եւ այդ ամենը փոխանցել նոր սերնդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն այդ գործում կարեւորել է զանգվածային լրատվամիջոցների, հատկապես` հեռուստատեսության դերը: Նախագահը նշել է, որ համառուսաստանյան երեք հեռուստաալիքներ հասանելի են բոլոր հայ հեռուստադիտողներին, ինչը մեծ ազդեցություն եւ միաժամանակ պատասխանատվություն է  ենթադրում: Ռուսական հեռուստաալիքների ներկայությունը Հայաստանում Նախագահը կարեւորել է նաեւ ռուսաց լեզվի տարածման առումով:

Հյուրերը Նախագահ Սարգսյանին են ներկայացրել հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները,  հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես,  խոսվել է հայկական եւ ռուսական հեռուստաալիքների  համատեղ հեռուստանախագծեր ձեռնարկելու,  հայ լրագրողների եւ պրոդյուսերների համար ռուսական կենտրոնական հեռուստաալիքներում մասնագիտական վերապատրաստման, համատեղ սեմինարների անցկացման հնարավորությունների մասին:

ՀՀ Նախագահը հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած  ավանդի համար «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն