Դադարեցնենք հայկական Ուրարտուի խեղաթյուրման թուրքական փորձերը
Թուրքերը շարունակաբար փորձում են աշխարհին հավատացնել` միաժամանակ իրենք էլ իրենց ասածին հավատալով, թե Ուրարտուն կարող է ինչ-ինչ կապ ունենալ միայն միջնադարում Հայկական լեռնաշխարհ ներթափանցած իրենց քոչվոր նախնիների հետ: Սա հայկական մշակույթը յուրացնելու թուրքական հայտնի ձեռագիրն է: Բայց, դե, օդում հնչած նման անպատասխանատու հայտարարություն բավարար հիմք չի կարող հանդիսանալ հայկական մշակույթի յուրացման համար: Այսօր թուրքերը բավական մեծ գումարներ են ներդնում ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող` Արևմտյան Հայաստանի հին հայկական հուշարձանների ուսումնասիրման և վերանորոգման համար:
Չնայած Ուրարտուի հանդեպ թուրքերի մեծ հետաքրքրությանը` սեպտեմբերին Հայաստանում անցկացված` «Ուրարտուն և իր հարևանները» թեմայով գիտաժողովին մասնակցելու հրավերն ստանալով` թուրքերը խոստացան ու չեկան. երևի գիտակցում են, որ պատմությունը խեղաթյուրված ներկայացնելով` կարող էին հայտնվել խիստ անհարամար վիճակում: Մանավանդ որ, գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:
Թուրքիայում` «սեփական, բազմադարյա» պատմություն ստեղծելու «սերմերը» գցվել են դեռևս Թուրքիայի հանրապետության առաջին տարիներին` Քեմալ Աթաթուրքի կողմից: Դրա շրջանակներում վերջինս հիմնել է «Թուրք պատմաբանների ընկերակցություն», որը մինչ օրս գործում է և շարունակում է աղավաղել հայոց պատմությունը:
Ուրարտուի մասին սպառիչ պատկերացում կազմելու համար զրուցեցինք պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ:
«Ստեղծելով «Թուրք պատմաբանների ընկերակցությունը»` Մուստաֆա Քեմալը ելույթ ունեցավ` հանձնարարելով թուրք ժողովրդին կապել Թուրքիայի տարածքի ամբողջ մշակույթի հետ կամ` հակառակը: Այդ քաղաքականությունը վարվել է և վարվում է մինչ օրս: Եթե նայենք Թուրքիայի պաշտոնական դասագրքերը` վավերացված նրանց ԿԳ նախարարության կողմից, կտեսնենք, որ խեթերը, ուրարտացիները թուրքերի «նախնիներն են», նույնիսկ մինչև շումերներ են հասնում, որոնք նույնիսկ տարածքային առումով իրենց հետ կապ չունեն: Իրենց ասածին հավատալու համար անգամ Աթաթուրքի դամբարանը կառուցել են խեթական մշակույթի ոճով»:
Սակայն կա թուրք գիտնականների մի խումբ, որը բարձր մակարդակի պեղումներ է կատարում և թուրք պատմաբաններին հատուկ հեքիաթներ չի պատմում Թուրքիայի «բազմադարյա պատմության» մասին: Որոշ գիտնականներ էլ 1980-90-ական թվականներին լույս տեսած աշխատություններում հիշատակել են Խորենացուն` որպես սեպագրերի մասին առաջին հիշատակությունը թողած հայ պատմիչ: Նշենք, որ սրանք բացառություններ են ընդհանուր համակարգում:
«Թուրքիան շարունակում է աճող սերնդին դաստիարակել այն հոգեբանությամբ, թե Թուրքիայի տարածքի մշակույթն իրենց նախնիներից մնացած ժառանգություն է: Այն թուրք երիտասարդը, որը կրթություն է ստանում Եվրոպայում և Ամերիկայում, այլ կերպ է մոտենում այս խնդիրներին և հասկանում է, թե ինչի հետ գործ ունի: Իսկ նրանք, ովքեր տեղում են մնում, պետական քարոզչությունն ընկալում են ողջ կյանքի համար անբեկանելի ճշմարտություն»,- ասաց Արտակ Մովսիսյանը:
Այս տարի Արևմտյան Հայաստանից վերադառնալով` Արտակ Մովսիսյանը ներկայացրեց թուրքական պետական քարոզչության թեզերը, որոնցից մեկի համաձայն թուրքերը տեղաբնիկներ են, իսկ հայերը մի պահ եկել են, իրենց նախնիներին կոտորել, հետո իրենք հզորացել ու պատասխան են տվել: Ժամանակին թուրքերը դա օգտագործել են և շարունակում են մինչ օրս ասել, թե իբր հայերը
եկել են արևմուտքից` Բալկանյան թերակղզուց, գրավել են Ուրարտուն, որի հիմքի վրա ստեղծել են Երվանդունիների թագավորությունը: Ապա հարց են տալիս, թե ի՞նչ եղան ուրարտացիները, և իրենք էլ պատասխանում են` հայերը առաջին «ցեղասպան» ժողովուրդն են, նրանք «ցեղասպանության ենթարկեցին» ուրարտացիներին:
«Այս համակարգը երկար գոյատևել չի կարող և մի օր պղպջակի պես կպայթի, ինչպես ժամանակին պայթեց Խորհրդային Միության հորինած հեքիաթն ու իրենց քարոզչամեքենան: Ես երկու անգամ եղել եմ այսօրվա Թուրքիա կոչվող պետության տարածքում` Արևմտյան Հայաստանում, և ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան խորհրդային պետության ճակատագրով կվերանա, որովհետև ամեն ինչով նրան է հիշեցնում: Եթե ԽՍՀՄ-ում միայն խոշոր թղթադրամի վրա էր պատկերված Լենինի նկարը, Թուրքիայում Քեմալ Աթաթուրքին անգամ գրոշների վրա «կհանդիպեք»: Բոլորս գիտենք, թե ազգային խնդիրը որքան սուր է այնտեղ, իսկ մեզ համար շատ կարևոր է պատմական ճշմարտության իմացությունը»:
Ուրարտու տերմինը հանդես է գալիս որպես մեկ պետական միավորման անվանում դեռևս Ք.ա. 880-870-ական թվականներին և շարունակվում է կիրառվել բավականին երկար` մինչև Ք. ա. 4-րդ դար: Ուրարտու տերմինը Արարատ տերմինի տարբերակն է: Հայտնի բան է, որ ասուրաբաբելական, միջագետքյան դպրության մեջ շատ տարածված է եղել «ա»-«ու» հնչյունափոխությունը:
«Մենք ունենք անգամ Արարատ-Ուրարտուի միջին տարբերակը` Պաղեստինում գտնված Կումրանի քարանձավի ձեռագրերում Արարատ անունը ներկայացված էր Ուրարատ տարբերակով, այսինքն` Արարատ-Ուրարատ-Ուրարտու: Մենք ունենք այն պետությունը, որը ասուրաբաբելական աղբյուրներում նշվում է Ուրարտու, սեփական աղբյուրներում` Բիայնա, Բիայնիլի, իսկ հետագայում մենք տեսնում ենք, որ բաբելերեն տեքստերում շարունակում է հանդես գալ Ուրարտու անունով: Օրինակ` եռալեզու հանրահայտ Բեհիսթունյան արձանագրության մեջ, որը Ք.ա. 520 թ.-ին է արվել Աքեմենյան Դարեհ առաջինի հրամանով, պարսկերեն բաժնում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում` Հարմինույա, բաբելերենում` Ուրարտու»,- ասաց Արտակ Մովսիսյանը:
Բեհիսթունյան արձանագրությունից հետո արված սեպագրերում էլ Հայաստանը միաժամանակ հադես է գալիս Արմինա և Ուրարտու անուններով: Այսինքն, Ուրարտուն ոչ այլ ինչ է, քան Հայաստանի անվանումներից մեկը: Արտակ Մովսիսյանը նշեց հին եբրայերեն աղբյուրներից Աստվածաշունչը, որտեղ Հայաստանը միշտ կոչում են Արարատ, վրացական աղբյուրներում` Սոմխեթի, ասորաբաբելականում` Ուրարտու:
«Դա բնավ չի նշանակում, թե Սոմխեթին, Ուրարտուն և Արմինան տարբեր երկրներ են: Սա բնական օրինաչափ բան է, որ երկիրը տարբեր դպրության կենտրոնների կողմից տարբեր անուններով է հայտնի: Օրինակ, եթե այսօր ստորագրվի հայ-վրաց-ռուս-ամերիկյան համաձայնագիր` Վրաստանի անունն ինչպե՞ս պետք է նշվի: Հայերենում կգրվի Վրաստան, վրացերենում Սաքարթվելո, ռուսերենում Գրուզիա, անգլերենում` Ջորջիա, դրանից ամենևին չենք կարող հետևություն անել, թե այս չորսը տարբեր երկրներ են: Այսինքն, հանձին Ուրարտուի, ունենք Արարատ անվանումը ասուրաբաբելական տարբերակով` «ա»-«ու» հնչյունափոխությամբ: Այսինքն, Ուրարտուի տակ որևէ այլ էթնիկ պետություն չի կարելի փնտրել, իսկ ուրարտացին դա նույն արարատցին է, նույն հայաստանցին է, նույն հայն է»,- եզրափակեց պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Արմենուհի Կարեյան
Թեգեր` Արարատ, Արմինա, Բոհիսթունյան արձանագրություն, Թուրքիա, Հայաստան, Հարմինույա, մշակույթի յուրացում, Ուրարտու, Վանի թագավորություն, քարոզչական թեզ












