Խոզի գրիպից չի խուսափել Թուրքիայի առողջապահության նախարարի ընտանիքը
Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բնակաչությանը` զգոն լինել և խոզագրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում անցնել բուժզննում:
Այսօր Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 73-ի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, խոզագրիպից հիմնականում մահանում են խրոնիկական հիվանդները, հղի կանայք և երեխաները: Ներկա պահին Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է 250 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում է վերակենդանացման բաժնում և միացված են արհեստական շնչառության ապարատներին:
«Զաման» կայքէջի փոխանցմամբ, խոզի գրիպով վարակվել են նաև Թուրքիայի առողջապահության նախարարի որդիները: Այդ մասին հայտնել է ինքը` նախարարը, ասելով. «Իմ չորս և քսանչորս տարեկան երկու որդիները վարակվել են խոզագրիպի հարուցիչով, բայց հնարավոր է եղել կանխել հիվանդությունը»: Ի դեպ, նախարարը նշել է, որ Ա գրիպի համաճարակը Թուրքիայում իր գագաթնակետին կհասնի դեկտեմբեր, հունվար ամիսներին:
ArmAr.am












