ՎիվաՍել-ՄՏՍ-ը կունենա անկախ և հուսալի համահանրապետական ցանց
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կձեռքբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան:
GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունենա անկախ և հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից:
Արագընթաց օպտիկամանրաթելային մալուխային ցանցը Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն: Բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունները կարող են օգտագործել համակարգը կրթական և հետազոտական նպատակներով: Այն օգտակար կլինի միջազգային համագործակցությունը խորացնելու և համաշխարհային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու մատչելիությունն ու գիտելիքի փոխանակումն ապահովելու տեսանկյունից:
«Արևմտյան կիսագնդում օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր տեխնոլոգիական կենտրոնների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երևանն ու խոշոր քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արևելքի, Եվրոպայի և մնացյալ աշխարհի հետ: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:












