Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների շուրջ քննարկումներ են ընթանում
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները շրջագայում են երկրով մեկ և բնակչությանը ծանոթացնում ժողովրդավարական բարեփոխումների հետ: Պատգամավոր Հուսեին Չելիքն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում հարկավոր է զարգացնել ժողովրդավարական ազատությունները, ինչը, ըստ նրա, քրդական հարցի կարգավորման միակ ճանապարհն է, ավելին, վերջ կդնի ահաբեկչությանը:
Նա հայտարարել է. «25 տարվա ահաբեկչության հետևանքով սպանվել է գրեթե 40 հազար մարդ»: Բացի այդ, Չելիքը տեղեկացրել է, որ այդ ողջ ընթացքում Թուրքիան ծախսել է 300 մլրդ դոլար, իսկ սպանված կամ հաշմանդամ դարձած Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների թիվը հասել է շուրջ 30 հազարի, ինչը նշանակում է, որ մեկ քուրդ գրոհայինին վնասազերծելն այս երկրի համար արժեցել է 10 մլն դոլար: Ըստ նրա, այս ամենը մտածելու տեղիք է տալիս:
Թուրք պատգամավորը, գնահատելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, շեշտել է, որ Թուրքիան այսօր երեք խնդիր ունի լուծելու: Դրանք կիպրական, հայկական և քրդական հարցերն են:












