Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

Արցախի հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

Նոյեմբեր 17, 2009թ. 18:43

arts-gerbԹուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը քաղաքագիտական շրջանակի ամենահուզող հարցերից մեկն է: Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկերը, ինչը միայն ամրապնդել է Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Սև ծովի ավազանում: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մեկ տարում բավական լուրջ և զգալի փոփոխությունների է ենթարկվել: Ակնհայտ է, որ Էրդողանի ղեկավարած կառավարությունն ավելի ինքնուրույն և բազմակողմանի քաղաքականություն վարելու ներուժ է գտել իր մեջ, ինչը չի կարող չվտանգել հարաբերությունները Վաշինգթոնի հետ: Միայն այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան կարգավորել է հարաբերություններն Իրանի և Սիրիայի հետ, միաժամանակ լարվածություն առաջացնելով Իսրայելի հետ հարաբերություններում, բավական է, որպեսզի պարզ դառնա, թե որքանով են լուրջ տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու Թուրքիայի մտադրությունները:

Պաշտոնական Վաշինգթոնն այսքան ժամանակ, կարծես թե, ուշադրություն չի դարձրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող այս վերափոխումներին: Սակայն դա` միայն պաշտոնական մակարդակում: Իրականում գրեթե բոլոր ամերիկյան վերլուծական կենտրոնները զբաղվում են Թուրքիայի քաղաքական խնդիրների ուսումնասիրությամբ, որպեսզի հնարավոր լինի կասեցնել Թուրքիայի ելքը ԱՄՆ-ի ազդեցության գոտուց: Այդ գործում ամերիկացի վերլուծաբաններին չափազանց մեծ օժանդակություն են ցուցաբերում եվրոպացի, մանավանդ` բրիտանացի մասնագետները:

Ներկայումս բոլորը սպասում են Էրդողանի մոտալուտ այցին Վաշինգթոն, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նշված այցի արդյունքները, իհարկե, կարող են որոշակի հստակություն մտցնել երկու երկրների հարաբերություններում: Սակայն ակնհայտ է, որ բոլոր դեպքերում ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդներին սպասվում է հարաբերություններ պարզելու բավական երկար շրջան:

Ինչպես հայտնի է, Էրդողանի այցը Վաշինգթոն կազմակերպելու համար նոյեմբերի 13-ին Անկարա է ժամանել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը: Թուրքիայի մայրաքաղաքում նա հայտարարել էր, թե վստահ են, որ Թուրքիան կշարունակի լինել «ԱՄՆ-ի, ինչպես նաև Արևմուտքի և Եվրոպայի մոտ գործընկերը»: Ֆիլիպ Գորդոնն Անկարայում հանդիպել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուին, որի հետ զրույցի կարևորագուն թեմաներն են եղել Արցախն ու հայ-թուրքական հարաբերությունները: Դավուդօղլուի հետ հանդիպումից հետո ամերիկացի դիվանագետը հայտարարել էր, որ չի հավատում, թե Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, եթե Արցախի հարցում չլինի որոշակի «առաջխաղացում»:

Գորդոնի հայտարարության նման ոճը միայն կարող է վկայել ԱՄՆ-ի համաձայնությունը թուրքական դիրքորոշման հետ: Սակայն դա այդքան էլ կարևոր փաստ չէ: Իրականում շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ չնայած իրանական, իսրայելական, իրաքյան, աֆղանական և այլ  խնդիրների առկայությանը, Թուրքիայի և ԱՄՆ-ի քննարկումների կիզակետում հայտնվել է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սա նշանակում է, որ Արցախը վերածվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենաառաջնային գերխնդրի: Ավելի կարևոր, քան նույնիսկ Կիպրոսի հարցն է: Այդ է պատճառը, որ այսօր Թուրքիայի հետ քաղաքական առևտրի մի նժարին դրված է Արցախը, իսկ մյուսին` հարաբերություններն Արևմուտքի հետ, Իրանն, Իրաքը և այլն: Ուստի, Թուրքիայի հետ հարաբերությունները փրկելու համար ԱՄՆ-ը պարզապես կարող է ստիպված լինել արագացնել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի կարևոր հանգամանք, որը չի կարող շրջանցվել Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից: Այն է` Թուրքիայի արտաքին քաղաքականության նման ուղղվածությունն ինքնաբերաբար բարձրացնում է պաշտոնական Ստեփանակերտի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Ընդ որում, Ստեփանակերտը հայտնվում է բավական շահեկան դիրքում, որովհետև, դեպքերի նման զարգացման պարագայում, վերջիվերջո իր ընդունած որոշումներից է կախված լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը: Բացի այդ, Ստեփանակերտի որոշումը պայմանավորված է լինելու միայն Արցախի բնակչության շահերով, որովհետև ԼՂՀ կառավարությունը հանդիսանում է տարածաշրջանի միակ իշխանությունը, որը ենթակա չէ դրսի ուժերի ազդեցությանը: Միամտություն կլինի կարծել, որ Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերությունները պահպանելու համար Արցախը կարող է ենթարկվել զինված ագրեսիայի: Վերոնշյալ նպատակին հասնելու համար Արևմուտքն ունի շատ այլ մեթոդներ:

Հրանտ Մելիք-Շահնազարյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն