Թուրքիայում է Իտալիայի նախագահը
Պաշտոնական այցով այսօր Թուրքիայում գտնվող Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Երկու երկրների նախագահներն անդրադարձել են Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացին:
Իտալացի լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի նախագահի վերաբերմունքը` Եվրախորհրդարանի նախագահի այն հայտարարության առնչությամբ, թե Թուրքիան ընդհանուր մշակույթ չունի Եվրոպայի հետ, Գյուլը պատասխանել է, թե երբ 2004 թ. Եվրամիությունը բանակցությունների մեկնարկը տվեց, չասաց, որ դա կարևոր նշանակություն ունի: Գյուլը, ի հակադրություն ասվածին, շեշտել է, որ Թուրքիան կկատարի կառույցի առջև ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է է թուրք–իտալական հարաբերություններին, ապա Գյուլն այն գնահատել է գերազանց և ընդգծել, որ երկու երկրների միջև չկան քաղաքական տարաձայնություններ, միջազգային զանազան կառույցներում նրանք «զորեղ աջակցություն են ցուցաբերում միմյանց»:
Ավելին, նա շեշտել է, որ Ռուսաստանից ու Գերմանիայից հետո, Իտալիան երրորդն է, որի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը տարեկան կազմում է 13 մլրդ եվրո: Թուրքիայում գործում են իտալական շուրջ 700 կազմակերպություններ, որոնք մի շարք նախագծեր են կյանքի կոչում թուրքական ֆիրմաների հետ համատեղ:
Ասուլիսի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև ինչպես էներգետիկ, այնպես էլ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերին:
ArmAr.am
Թեգեր` Գյուլ, Եվրամիություն, Թուրքիա, Իտալիա












