Եվրոպային սպասվում է նոր գազային ճգնաժա՞մ
ԱՄՆ-ն Եվրամիությանը խորհուրդ է տալիս պատրաստվել նոր գազային ճգնաժամի: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ առաջիկա ձմեռը Ռուսաստանը դարձյալ դատարկ կթողնի Եվրոպային գազ մատակարարող խողովակները: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կոմմերսանտ» թերթը, որի տեղեկությունների համաձայն, Հունգարիան արդեն նախապատրաստում է իր գազային համակարգը գազամատակարարման հնարավոր կասեցմանը, իսկ Չեխիան հույսը դրել է ատոմային էներգիայի վրա:
Այն մասին, որ Եվրոպային սպասում է հերթական գազային ճգնաժամ, Բուդապեշտում տեղի ունեցած չորրոդ էներգետիկ ֆորումի ժամանակ հայտարարել է Չեխիայի նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: «Մեզ զգուշացրել են ԱՄՆ փորձագետները, որ ճգնաժամը կկրկնվի: Ռուսաստանը կարող է դատարկ թողնել խողովակաշարերը: Սակայն մենք ոչ թե պետք է մեղադրենք Ռուսաստանին դրանում, այլ, ինչպես ճիշտ խորհուրդ են տալիս ամերիկացի փորձագետները, պետք է ընտրություն կատարենք Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի միջև», – ասել է Տոպոլանեկը:
Հատկանշական է, որ եվրոպացիների հոգսերն ԱՄՆ-ը պատրաստ է վերցնել իր վրա: Եվրասիայում էներգետիկ հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը հայտնել է, որ անցած շաբաթ Վաշինգթոնում հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի Եվրամիության և Ռուսաստանի միջև առաջացած էներգետիկ տարաձայնությունների կարգավորման և քաղաքականության մշակման գործով: Փաստորեն, ըստ ռուսական լրատվամիջոցների գնահատականի, խոսքը գնում է էներգետիկայի ոլորտում Եվրամիության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից վերահսկողություն սահմանելու մասին:












