Երևանի քաղաքապետարանը արձագանքեց ArmAr.am-ի ահազանգին
Հակահայկական գովազդային պաստառներն ապամոնտաժվում են
Ի պատասխան Ձեր կողմից կատարված տեղեկատվական հարցման՝ «Գնիր Հայկականը» կարգախոսով պաստառների պատվիրատուն «Հազարամյակների Մարտահրավերներ» ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել «ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը: Նույն ընկերությունն էլ ներկայացրել է արտաքին գովազդային վահանակների հաստատված ուրվանկարների (էսքիզների) օրինակները:
Մինչ արտաքին գովազդային նյութի տեղադրումը, ըստ կարգի, պատվիրատուն դիմում է տվյալ վարչական շրջանի աշխատակազմ, վճարում սահմանված տեղական տուրք և ստանում արտաքին գովազդի տեղադրման (տեղաբաշխման) թույլտվություն: «Գնիր Հայկականը» պաստառներում տեղ գտած կոպիտ խախտման համար քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետին նկատողություն է տրվելու, իսկ վահանակներն այս պահին ապամոնտաժվում են /վահանակների նախկին հասցեներն էին` Խանջյան փողոց, Հերացի փողոց, Բաղրամյանի պողոտա, Կոմիտասի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոց/:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում լրագրողներին ուշադրության համար և հույս է հայտնում, որ այս հարցով նրանք հետևողական կլինեն նաև պատվիրատուի՝ «Հազարամյակների Մարտահրավերներ» ծրագրի նկատմամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
ու հասարակայնության հետ կապերի վարչություն












