Արգավանդում վերակառուցվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին
Արմավիրի թեմի Առաջնորդարանից տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 14-ին օծվել է Արմավիրի տարածաշրջանի Արգավանդ համայնքի վերանորոգված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի հանդիսապետությամբ, թեմի հոգևորականների մասնակցությամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, համայնքապետի և հավատացյալ ժողովրդի ներկայությամբ:
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել էր դեռևս 1800-ական թվականներին, սակայն այն այլևս չէր գործում: 1960-ականների վերջին գյուղացիների միջոցներով եկեղեցու ավերակների տեղում մի փոքր մատուռ էր կառուցվել, որն էլ ծառայում էր որպես սրբավայր հավատացյալների համար:
Մինչև 2008թ.-ի սկիզբը Սուրբ Հովհաննես մատուռը կիսավեր վիճակում էր: Աստծո կամքով եկեղեցուն նոր ծնունդ տվեց Արգավանդ գյուղի զավակ, այժմ Ուկրաինայում բնակվող Հայկ Մովսիսյանը, ում հոր պապը` Տ. Պողոս քահանան, եղել է այդ եկեղեցու հոգևոր սպասավորը և թաղվել եկեղեցում:
Նոր եկեղեցին կառուցվեց այն տեղում, ուր նախկինում գտնվում էր Սուրբ Հովհաննես մատուռը: Այն կառուցվեց Հայկ Մովսիսյանի բարերարությամբ, ով Ուկրաինայի հայկական համայնքի նախագահի տեղակալն է:
Բարերար Հայկ Մովսիսյանին իր օրհնությունը և մեծագույն գնահատանքը հայտնեց Սրբազան հայրը£ Եկեղեցաշեն բարերարին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրեց Մովսես Խորենացի շքանշանով:
Իսկ Ուկրաինայում բնակվող Բաղմանյաններ ընտանիքի կողմից եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար:
ArmAr.am












