Գլխավոր » Լրահոս

Այսպիսի «հայրենասիրությամբ» ազգային հարցերը չեն լուծվի

Օգոստոս 26, 2009թ. 16:02

Մատենագիր, հրապարակախոս Արգամ Այվազյանը մեղադրում է հայաստանյան քաղաքական գործիչներին` Նախիջևանի խնդրին լուրջ չվերաբերվելու համար: Նրա խոսքերով` Նախիջևանում 27 հազար պատմական հուշարձանների մի մասն անխնա ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից: Միայն Ջուղայում 4,5 հազար խաչքար է ոչնչացվել, մյուսներին ևս նույն ճակատագիրն է սպասում, սակայն առ այսօր ՀՀ ղեկավարությունը միջազգային դատարան չի դիմել` մեղավորներին պատժելու պահանջով: Եվ ոչ միայն հետևողական աշխատանք չի տանում, այլև չի խրախուսում Նախիջևանի հետ կապված ձեռնարկներին: «2005թ. Մոսկվայում բացեցի Նախիջևանի հուշարձանների վերաբերյալ մեծ ցուցահանդես` հենց մեր դեսպանատան շենքում: Ռուսական միջավայրից, տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ մասնակցեցին ձեռնարկին: Ներկա չէին միայն Հայաստանի դեսպանատան աշխատակիցները»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց հրապարակախոսը: Նույն ցուցահանդեսը Ա. Այվազյանը 2007թ. վերաբացել է նաև Հարվարդի համալսարանում, կազմակերպել գիտաժողով` կարողանալով ծրագիրն իրականացնել` հակառակ Ադրբեջանի դեսպանատան ճնշումներին: Սակայն հայկական կազմակերպությունները, եկեղեցին, ամենապասիվ մասնակցություն են բերել ցուցահանդեսին:

Մինչդեռ 2006թ. Ա. Այվազյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, տեղեկացնելով` «Անահիտ» հրատարակչության կողմից Նախիջևանի մասին   հրատարակված աշխատության 26 հազար տպաքանակի կորստի մասին. առայսօր ոչ մի պատասխան չի ստացել:

Այս ամենից հետո հրապարակախոսը եզրակացնում է, որ նման հայրենասիրությամբ մենք չենք կարող մեր ազգային հարցերը լուծել: Այնինչ, ըստ նրա, պետք է հավաքել փաստեր, կազմել փաթեթներ, կատարել նախապատրաստական աշխատանք` Ջավախքի և Նախիջևանի վերադարձն ապահովելու համար: Նաև պահանջել չեղյալ հայտարարել 1921 թվականի պայմանագիրը, որով Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին: Արգամ Այվազյանի խոսքերով ` պայմանագիրը չեղյալ հայտարարելու և Նախիջևանը հետ բերելու բոլոր հիմքերը կան: Մնում է` հայրենասիրությունը:

Ս.Հ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`