Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

«Չեմ կարծում, որ Արևմուտքն ու Ռուսաստանն ի վնաս ԼՂՀ-ի եկել են համաձայնության»

Նոյեմբեր 19, 2009թ. 18:07

David BabayanՄեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ստոկհոլմում` Ռուսաստան-  Եվրամիություն գագաթնաժողովում ասել է, որ Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը Արևմուտքի հետ համաձայնության է եկել, և որ ղարաբաղյան հարցում առաջընթաց է գրանցվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի այս հայտարարությունը։

-Նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ արվում է։ Եվ երբ հայտարարում են, որ կա ընդհանուր մի համաձայնություն, այսինքն՝ Արևմուտքի և Ռուսաստանի տեսակետներն ինչ-որ կերպ համընկնում են, պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Առաջին, որ և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն մշտապես հայտարարել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Երկրորդ, որ հակամարտությունը կարող է  կարգավորվել կողմերի միջև ընդունելի տարբերակի մշակման հիման վրա։ Նշյալ երկու պայմաններին չհամաձայնել հնարավոր չէ։ Բացի այդ, չեմ կարծում, որ պետք է որևէ կերպ մտահոգություն հայտնել, որ այդ համաձայնությունը կարող է լինել ի վնաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, կամ մտածել, որ նրանք եկել են մի համաձայնության, որը ձեռնտու չէ մեզ։ Այսինքն՝ նման հայտարարությունները ողջունելի են, քանի որ դրանով գերտերությունները ցույց են տալիս, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհն այդ  խնդրի կարգավորման ձևն է։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման բուն գործընթացին, չեմ կարծում, որ մոտ ապագայում ինչ-որ փոփոխություն արձանագրվի։

-Նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը հանդիպելու են. այդ հանդիպման հետ կապված ԼՂՀ-ում որևէ ակնկալիք կա՞։

-Նման հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում, դրանք կարելի է դրական գնահատել, բայց սպասել, որ Ղարաբաղի խնդրում բեկում կգրանցվի, այդ մասին վաղաժամ է մտածել, որովհետև դրան պատրաստ չէ Ադրբեջանը։ Նման հանդիպումներից առաջ Ադրբեջանում սկսվում է հակահայկական հիստերիան, ոչ կառուցողական մոտեցումները, և բնական է, որ այս իրավիճակում դժվար է ակնկալել բեկումնային որևէ քայլ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հանդիպումը կկրի սովորական բնույթ։

-Վերջին  շրջանում Ադրբեջանի նախագահը դարձյալ  սկսել է խոսել խնդրի ռազմական կարգավորման մասին…

-Դա միմիայն քարոզչության մի ձև է, որովհետև եթե Ադրբեջանն, իրոք, ի վիճակի լիներ ռազմական եղանակով հարցը կարգավորել, այն կաներ շատ ավելի վաղ։ Այսինքն՝ գերտերությունները նույնպես շահագրգռված չեն, որպեսզի պատերազմական գործողություններ լինեն, որովհետև այն անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի։ Մոտ ապագայում Ադրբեջանն ի վիճակի չի լինի հարցը ռազմական ձևով կարգավորել, քանի որ պատերազմ սկսելը կկործանի Ադրբեջանը որպես պետություն։

– Այսի՞նքն:

-Նախ այն, որ նրանց բանակը պարտություններ կկրի։ Բացի այդ՝  երկրի ներսում առկա սոցիալական դժվարությունները, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ֆաշիստական քաղաքականությունը կարող է  հանգեցնել նրան, որ այդ ժողովուրդները կարող են ոտքի կանգնել  և պահանջել  ազգային ինքնորոշում։  Հաշվի առնելով նաև այն, որ ադրբեջանցիները որպես ազգ վերջնականապես դեռ ձևավորված չեն,  նրանք մեծ տարածքում են ապրում, ունեն բնակչության մեծ թվաքանակ, և ներքին խնդիրների սրումը կարող է հանգեցնել Ադրբեջանի, որպես պետություն, փլուզմանը։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն