Թուրքիայում պատրաստվում են Էրդողանի վաշինգտոնյան այցին
Դեկտեմբերի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այսօր արդեն Անկարայում քննարկվում են Էրդողան-Օբամա հանդիպման հնարավոր հարցերը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական և ամերիկյան դիվանագիտական աղբյուրները, Վաշինգտոնում կողմերը քննարկելու են Իրանին, Աֆղանստանին, Մերձավոր Արևելքին, Եվրամիությանը, էներգետիկային առնչվող հարցեր: Հայտնի է դարձել, որ օրակարգային հարցերից է նաև Արցախյան հիմնախնդիրը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրք վերլուծաբանների գնահատմամբ, Էրդողանը այցի ընթացքում ԱՄՆ նախագահին որոշ պարզաբանումներ է տալու Թուրքիայի որդեգրած նոր քաղաքականության վերաբերյալ: Մինչդեռ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որևէ երկրի ցուցումով: Թե ինչպիսին կլինի Թուրքիայի դիրքորոշումը էրդողանի ամերիկյան այցից հետո, լրատվամիջոցների կարծիքով` անկանխատեսելի է: Միայն հայտնի է, որ Թուրքիան պատրաստ չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից:
ArmAr.am












