Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյան. «Սիրելով և զարգացնելով մեր ազգը` մենք նպաստում ենք մարդկության զարգացմանը»

Նոյեմբեր 20, 2009թ. 15:39

Larisa-AlaverdyanՇատ հաճախ տրվելով ներքաղաքական` մանր ու ճղճիմ խնդիրներին, մոռանում ենք, որ ազգովի կանգնած ենք արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, որոնց դիմակայելու համար մեզանից պահանջվում է  միասնություն և համախմբում: Սակայն հարց է առաջանում, արդյոք հայաստանյան քաղաքական դաշտում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք   ի զորու  են անհրաժեշտության պահին համախմբել ազգը և ուղղորդել` ազգային նպատակների իրականացման:

ArmAr.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նախ նկատեց, թե մեր երկրում քիչ չեն  գրագետ և երիտասարդ ազգային ուժերը. «Ի վերջո, ունենք նաև ավանդական կուսակցություններ, իհարկե, խոսքս միայն Դաշնակցությանը չի վերաբերում,  այլ նաև  ռամկավարներին, հնչակյաններին, որոնք միշտ էլ ազգապահպան գործունեություն են իրականացրել»:

Տիկին Ալավերդյանը համոզված է, որ կան «գրագետ  քաղաքական ուժեր,  որոնք ի զորու են ազգային հարցերը տարածաշրջանայինի և աշխարհաքաղաքականի հետ հավասարակշռել»: Հետևապես, անհրաժեշտության դեպքում  համախմբել մեր ժողովրդին։

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, հայերս նաև ունենք  այնպիսի քաղաքական  ավանդույթներ, որոնց շուրջ կարողացել ենք համախմբել  մեր ժողովրդին։ «Եվ քանի որ  21-րդ դարը որևէ առումով չի տարբերվում  անցած դարերից, ուրեմն մենք պետք է լինենք միասնական ու համախմբված: Այն, որ մենք այսօր դժվարություններ ունենք, պետք չէ, որ դա որևէ մեկին հուսաթափեցնի։ Եթե տեսնում ես, որ այսօր չի ստացվել այն, ինչ ցանկանում ես, կնշանակի` վաղն է գալու քո հաղթանակի օրը»։

«Քաղաքական ուժերից բացի ունենք և  ազգային  մտավորականներ: Մեր մտավորականներին  մենք ամեն առիթով քննադատում ենք, բայց չէ՞ որ նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր ոգեշնչված ազգայինի ընկալումով՝ ի զորու են  ազգայինը որպես համաշխարհայինի մաս ներկայացնել»:

Քաղաքականից անցում կատարելով  հայի կերպարին` տիկին Ալավերդյանը նկատեց, թե մենք` հայերս, ոչ միայն ազգայնական և ազգասեր ենք,  այլ, սիրելով և զարգացնելով մեր ազգը, դրանով նպաստում ենք նաև համայն  մարդկության զարգացմանը։ Հետևապես. «Հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը կարող են, ի զորու են մարդկությանը տալ այն դրականը, որն իրոք անհրաժեշտ է աշխարհին, և որի պակասը խիստ զգացվում է: Դա մենք կարող ենք անել  բոլոր ոլորտներում ` մշակութայինից մինչև հասարակական ու քաղաքական»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն