Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է միջազգայնացնել ԼՂՀ հիմնահարցը
Սույն թվականի սեպտեմբերի վերջերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) առաջին նիստը, որի ընթացքում հնարավոր է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում: Այդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Միլի մեջլիսի պատգամավոր, ԹՊԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքերի համաձայն` Խորհրդարանական վեհաժողովի օրակարգը դեռևս պետք է ճշգրտվի կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ, սակայն Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հարցն ընդգրկվի ԹՊԽՎ-ի օրակարգում:
Նշենք, որ ադրբեջանաարցախյան հիմնախնդրի նման միջազգայնացումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտությունը կարգավորելու` կողմերի վերցրած պարտավորությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները ներկայացնող համանախագահները բազմիցս քննադատել են ԼՂՀ հակամարտությունը միջազգային այլ ատյաններում իր օգտին լուծելու Ադրբեջանի ջանքերը: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պաշտոնական Բաքուն շարունակում է միջազգային բոլոր կազմակերպություններում բարձրաձայնել արցախյան հիմնախնդիրը` էությունից անտեղյակ պետություններից հակահայկական բովանդակության փաստաթղթեր կորզելու նպատակով:
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի այս քայլերն արժանանում են հայկական դիվանագիտության բավականին անտարբեր արձագանքներին: «Սովորույթի» համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում միայն այն ժամանակ, երբ հակահայկական հերթական փաստաթուղթն արդեն ընդունված և հրապարակված է լինում: Այնինչ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքականությունն ավելի նախահարձակ լինի և կանխի դեպքերի զարգացման ոչ հայանպաստ ընթացքը:
Նշենք նաև, որ Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու են ոչ բոլոր թուրքալեզու պետությունների ներկայացուցիչները: Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են ԹՊԽՎ-ին միանալու առաջարկից: Նշված կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մաս են կազմում միայն Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրզստանը:
Թեգեր` Ադրբեջան, Թուրքմենիստան, ԹՊԽՎ, Միլլի Մեջլիս












