Ունքը շինելու փոխարեն աչքն էլ հետն են հանում
«Ես հիմա երանի եմ տալիս խորհրդային տարիներին, երբ մեր խաչքարերը մրոտված չէին, երբ նրանց նախշերի ու արձանագրությունների արանքում հալված մոմի մնացորդներ չէին կուտակվում ու ավերում դրանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով նշում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը:
Մեր ներկա իշխանություններն ու ժողովուրդն առհասարակ, ըստ Սամվել Կարապետյանի, շատ բան կարող էր անել մեր պատմական հուշարձանների պահպանության համար, եթե չլիներ անտարբերությունն ու պատկանելիության զգացումի պակասը. «Ամեն բան բխում է այդ զգացողությունից: Թբիլիսիում մենք ունենք 80-100 հազարանոց հայ համայնք, իսկ մեր Մուղնին այնպիսի ճաքեր ուներ, որոնց միջով մարդիկ հանգիստ կարող էին անցնել: Լուրջ ուշադրության ու ներդրումների շնորհիվ, սակայն, եկեղեցին կարելի էր փրկել: Մուղնուց քիչ հեռու էլ կա մեկ այլ եկեղեցի, որը միայն որմնանկարներով վերջերս կարողացանք իմանալ, ճանաչել: Այն էլ այսօր հասարակական զուգարանի է վերածվել: Սա է մեր ուշադրության ու հոգածության արդյունքը: Սա էլ հո թուրքերն ու ադրբեջանցիները չե՞ն արել»:
էլ ինչ ենք պահանջում մեր մշակույթն աշխարհի երեսից ջնջել, մեր պատմական հետքերը սրբել ցանկացող օտարազգիներից:
Սամվել Կարապետյանն անտարբերության հետևանք է համարում նաև վերականգնման աշխատանքների թերությունները, որոնց դեպքում մասնագետներն ունքը շինելու փոխարեն աչքն էլ հետն են հանում. «Հաղարծինի Սեղանատուն եթե գնաք, կտեսնեք, որ պատերի արձանագրությունները գրեթե ամբողջովին մաքրված են: Վերականգնողները արձանագրություններով պատերն ուղղակի «շլիֆովկա» են արել, հղկել են, կարծես քաղաքի նորոգվող ու թարմացվող սովորական շենք լինի»:
Խորհրդային տարիներին հատուկ այդ աշխատանքների համար պատրաստվել են մասնագետներ, որոնք մասնագիտացել են հատկապես այս կամ այն տարածքում աշխատելու համար, քանի որ յուրաքանչյուր բնակավայր ունի իրեն հատուկ բնակլիմայական առանձնահատկություններն ու առանձին մոտեցում է պահանջում:
Վերջերս Մշակույթի նախարարությունը կյանքի է կոչել «առավել վտանգված հուշարձանների դիտածում» ծրագիրը, որն ընդգրկում է 26 հուշարձան` Քառասնից մանկանց եկեղեցին` Դսեղ գյուղի հարևանությամբ, Մայրավանքը, Աշոցքի շրջանի Կրասար գյուղի կամուրջը և այլն:
Մոտակա տարիներին պետբյուջեից որոշակի գումարներ են հատկացվելու նախ այդ հուշարձանների չափագրումների, հետագայում նաև` վերականգնման համար:
ArmAr.am












