Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ներկայիս Թուրքիայում հայկական տեղանունների աղավաղման վերջին փուլն է

Նոյեմբեր 20, 2009թ. 16:52

Babken HarutyunyanԱյս օրերին թուրքական Մեջլիսում քննարկվում է քրդերենի հետ կապված բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը ներառում է նաև թուրքացված տեղանունների վերափոխումը հին անվանումներով: Որոշ դեպքերում քրդական անվանման վերադարձը կարող է նաև նշանակել վերադարձ հայկական տեղանուններին, սակայն ոչ անաղարտ ձևով: Վերջերս Արևմտյան Հայաստանից վերադարձած պատմաբանները հետաքրքիր փորձ են անցկացրել. վերցնելով Թուրքիայի պետական քարտեզը` Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերից փորձել են ճշտել, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացեկացի տեղը: Երբ հարցրել են թուրքական անվանմամբ` քրդերը զարմացել են և պատասխանել, որ այդ տեղանքում նման գյուղ չկա, իսկ այն հարցին, թե որն է իրենց գյուղի կողքի գյուղը` քրդերը պատասխանել են` Խասիկը, որը հայկական անվանման աղավաղված և իրենց ականջներին հարմարեցված տարբերակն է: Սակայն Խասիկը դեռևս չի նշանակում Հացեկաց:

Հայերեն տեղանունները ներկայիս Թուրքիայի տարածքում բազմիցս զանազան ձևերով աղավաղվել են: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանն առանձնացրեց տեղանունների փոփոխման մի քանի ձևեր: Դրանցից մեկի համաձայն, տեղանունները թարգմանվում են, մյուս դեպքում` հարմարեցվում են եկվորների ականջին, իսկ երրորդ տարբերակով `իրենք են տեղանքն անվանակոչում: «Հայաստանը զավթելու ժամանակ այդ քոչվորները, հանդիպելով որևէ հետաքրքիր ձև ունեցող տեղանքի, այն անվանել են այն կերպ, ինչի նմանեցրել են: Եթե, օրինակ, լեռը նման է եղել քթի, տեղանքը ստացել է մի անվանում, որը քիթ է ակնարկում»,-ասաց Բաբկեն Հարությունյանը:

Պատմությունից մեզ հայտնի է, թե ինչպես հայկական տեղանունը փոխարինվել է թուրքականով և պահպանվել շատ երկար: Օրինակ` Հարսնաքար լեռը թարգմանվելով դարձել է  Գյալին ղայա: Սակայն բազմազան են զավեշտալի փոփոխությունները:

«Մահմեդականներով բնակեցված գյուղերից մեկը կոչվում էր Դոնգուզլուղ, ինչը թարգմանվում է որպես խոզ, խոզագյուղ: Սակայն Հովհաննես Կարագյոզյանն ապացուցեց, որ տեղանունը բոլորովին կապ չունի խոզի հետ, այլ առաջացել է գետակողմյան բառից և իրականում թարգմանության ժամանակ պետք է լիներ Դոնկույս` գետակողմ: Սա այն օրինակներից է, որով կարելի է ցույց տալ, որ տեղանունները ոչ միայն թարգմանվում էին, այլև հարմարեցվում քոչվորությունից նստակյացության անցած ցեղերի ականջներին»:

Տեղանունների աղավաղման ցայտուն օրինակ է նաև Կարին քաղաքի փոփոխված անվանումը: Արաբների արշավանքների ժամանակ, Արծուն քաղաքի ավերումից հետո, բնակչությունը տեղափոխվում է Կարին` իր հետ բերելով իր քաղաքի անվանումը և Կարինը կոչում է Արծուն արղուն, որն էլ ժամանակի ընթացքում փոփոխվելով` դարձել է Էրզրում:

«Փոփոխության մյուս եղանակը նրանց կողմից անվանակոչումն է: Տարոնի դաշտում կար Մեղ գետ, որը հետագայում ստացել է Մեղրագետ անվանումը, քանի որ դաշտերը ոռոգում և մարդկանց բարիք էր տալիս: Սակայն այդ քոչվորները վերցրեցին միայն «մեղ» բառ, թարգմանելով դարձրեցին «սև», և գետը դարձավ Կարասու»:

Սակայն տեղանունների աղավաղումը Օսմանյան կայսրության անկմամբ չի սահմանափակվում: Այդ նույն քաղաքականությունը շարունակվում է նաև Հանրապետական, Քեմալական Թուրքիայում:

«Ինչպես Օսմանյան, այնպես էլ Քեմալական կառավարությունը փորձում էր ամեն կերպ վերացնել հայկականությունը Հայաստանից և հայերի բնիկության փաստերը` միաժամանակ աղավաղելով տեղանունը կամ հարմարեցնելով նոր բնակիչների ականջներին: Սակայն երբեմն լինում էր նաև հակառակը, երբ վերականգնվում էր հին հայկական անվանումը: Օրինակ` Մամախաթունը վերանվանեցին Դերջան: Սրանք բացառություններ են, այլ ոչ թե պետական քաղաքականություն: Իսկ այսօր տեղանունների հին անվանումը պահելու փորձերը չի նշանակում, թե դրանք հայկական անվանումներ են ստանալու: Այսօր Մեջլիսում քննարկելով տեղանունների հարցը` Թուրքիան քրդական ղեկավարությանը և Եվրամիությանը սիրաշահելու խնդիր և նպատակ ունի: Չի բացառվում, որ հայկական ծագմամբ որոշ տեղանուններ վերականգվեն, քանի որ թուրքերն այսօր հայկականությունից վախենալու ոչինչ չունեն: Սակայն պետք է հիշել, որ թուրքական ղեկավարությունը ոչ միայն հակահայկական է, այլև` հակաքրդական: Մեջլիսում քննարկվելիք հարցերը թուրքական խաղեր են, և ես թուրքական իշխանություններից մեծ ակնկալիքներ չունեմ»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը:

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք Բաբկեն Հարությունյանի` մեզ տրամադրած  փոփոխված տեղանուններից մի քանիսը:

Աղավաղման արդյունքում Մանասկերտը դարձել է Մալազգքր, Երզնկան` Էրզքնջան, Մծբինը` Նազրվմե, Սև ավերակը` Սևելճակ, Սիսը` Կոզամե, Անգեղը` Էգիլ և այլն:

Արմենուհի Կարեյան


Թեգեր` , , , ,

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն