Ադրբեջանական բանակը մնաց մոջահեդների հույսին
Ադրբեջանի բանակ զորակոչված ընդդիմադիր գործիչների երեխաները խոշտանգումների են ենթարկվում սպաների և այլ զինվորների կողմից: Այդ երևույթը կանխելու նպատակով ադրբեջանցի մի շարք ընդդիմադիրներ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որը ենթադրում է ընդդիմադիր քաղաքական գործիչների զավակների ազատում` պարտադիր զինվորական ծառայությունից:
Նշված նախաձեռնությունը հրապարակել են «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Մամեդլին, Բանակի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կենտրոնի տնօրեն Ալեքպեր Մամեդովը և ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Նշված անձանց գործուն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն, որը Սուլեյման Մամեդլիի եղբայրն է:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ս. Մամեդլին պատմել է իր որդու բանակային առօրյայի մասին` մանրամասնելով, թե ինչու է վերջինս հայտնվել Գանձակի բանտում: Հենց սեփական որդու օրինակից էլ հուզված, Մամեդլին որոշել է նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Իր խոսքերը համոզիչ դարձնելու նպատակով Մամեդլին հիշել է հայտնի ադրբեջանցի լրագրող Մեհրիբան Վեզիր Սեյմուրի Միրզաևայի որդու տխուր ճակատագիրը, որին 2002 թվականի դեկտեմբերին սպանել են ադրբեջանական բանակում: Այն ժամանակ Միրզաևի որդու հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է, որ զինվորը մահացել է ադրբեջանա-իրանյան սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Այնուհետև, ի հայտ են եկել մի շարք պաշտոնական այլ տեղեկություններ, և վերջում «ընդունվել» է ամենահարմարը` «ինքնասպանություն» տարբերակը: Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնասպանը երկու անգամ կրակել է իր գլխին: Բնական է, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի որդու սպանության կազմակերպիչները մնացել են անպատիժ:
Ադրբեջանի իշխանական վերանախավի զավակները «չգրված օրենքի» ուժով ազատված են բանակում ծառայելու դժվարին պարտականությունից: Եթե օրենքի ուժ ստանա նաև ընդդիմադիրների այս նախաձեռնությունն ու ընդդիմադիր քաղաքական գործիչների զավակները ևս ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, հարց է առաջանում, ի՞նչ ուժերով պետք է համալրվի Ալիևի գոված` «հզոր» ու «գորեղ» «տարածաշրջանային» ադրբեջանական բանակը: Գուցե մոջահեդներո՞վ…
ArmAr.am












