Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Ադրբեջանի բռնապետական որոշ դրսևորումների մասին

Նոյեմբեր 23, 2009թ. 10:00

BloggeryԲազմիցս գրվել է այն մասին, թե Ադրբեջանում ինչպիսի սահմանափակումներ, բռնություններ են կիրառվում խոսքի ազատության, մարդու իրավունքների, դեմոկրատիայի ոլորտում: Լրատվամիջոցների մակարդակով ազատ խոսք Ադրբեջանում չկա վաղուց, և քանի որ լրատվամիջոցների հետ Ադրբեջանի իշխանություններն արդեն «խնդիր չունեն», այդ երկրում սկսել են բռնություններ կիրառել խոսքի ազատության այլ դրսևորումների նկատմամբ: Հունիս ամսից միջազգային կազմակերպությունների ու ադրբեջանական լրատվամիջոցների և իշխանությունների բուռն բանավեճերի թեմա է դարձել այդ երկրում երկու ընդդիմադիր բլոգերների ձերբակալության գործը:

Բաքվի դատարաններից մեկն ընդդիմադիր բլոգերներ Էմինա Միլլիին և Ադնանա Հաջիզադեին նոյեմբերի 11-ին դատապարտել էր համապատասխանաբար 2,5 և 2 տարվա ազատազրկման: Երիտասարդները ձերբակալվել էին հունիսի 8-ին խուլիգանության և առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Ըստ դատավճռի, բլոգերները Բաքվի ռեստորաններից մեկում ծանր մարմնական վնաս են հասցրել երկու այլ հաճախորդի, ինչի համար էլ ձերբակալվել են: Է. Միլլին ղեկավարում էր երիտասարդական Alumni Network ցանցը և ANTV ինտերնետային հառուստատեսության հիմնախնդիրներից մեկն էր, իսկ Ա. Հաջիզադեն երիտասարդական ընդդիմադիր «ՕԼ» շարժման համանախագահն էր:

Բլոգերների գործի սկզբից մինչ այժմ գործի ընթացքի վերաբերյալ դժգոհություն են հայտնել եվրոպական որոշ երկրներ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Սակայն այդ նկատողությունները և դժգոհությունները ոչ միայն չեն ազդում ադրբեջանական «արդարադատության» վրա, այլ ընդհակառակը՝ միջազգային կառույցներն ու եվրոպական երկրներն են արժանանում Ադրբեջանի իշխանությունների և որոշ կազմակերպությունների դժգոհությանը:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը օգոստոսի 20-ին մեղադրել է միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանում բլոգերների ձերբակալման կապակցությամբ հայտարարությունների համար:

«Միջազգային կազմակերպությունները խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին` չհասկանալով բլոգերների ձերբակալման խնդրի էությունը»,-հայտարարել է Ադրբեջանի պառլամենտի խոսնակը[1]:

Մի քանի օր առաջ Ադրբեջանում Գերմանիայի և Նորվեգիայի դեսպանները կասկած էին հայտնել Ադրբեջանի դատարանի որոշման կապակցությամբ, որին անմիջապես հետևել էր Ադրբեջանի արտգործնախարարության բողոքի նոտան այդ երկրների դեսպաններին[2]:

Նոյեմբերի 13-ին ադրբեջանական դատարանի որոշման դեմ էր հանդես եկել նաև Եվրոպական Միության նախագահությունը[3]: «Եվրամիության նախագահությունը հայտնում է իր անհանգստությունը երկու բլոգերների նկատմամբ իրականացրած վճռի կապակցությամբ: Դատարանի որոշումը կարող է հետագայում խանգարել Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտմանը»,-ասված էր Եվրամիության տարածած հայտարարությունում: ԵՄ-ը հիշեցրել էր, որ Ադրբեջանն ունի որոշակի պարտավորություններ մարդու իրավունքների, դեմոկրատիայի, խոսքի ազատության ոլորտներում, որոնք պետք է պահպանվեն:

Ադրբեջանական «Սոցիալական հետազոտությունների ֆոնդի» ղեկավար Ռաշադ Ռզակուլևը միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ հայտարարել էր, թե միջազգային կառույցների կողմից նման ծիծաղելի ձևով Ադրբեջանի կառավարության վրա ճնշումներ գործադրելն ունենում է հակառակ էֆեկտը[4]: «Ցավում եմ, որ այդ երկու երիտասարդներին տարօրինակ կերպով մի շարք միջազգային կառույցներ անվանում են «քաղաքական բանտարկյալներ»,-ասել է Ռ. Ռզակուլևը:

Սակայն ցավալին այն է, որ Ադրբեջանի իշխանությունների հակադարձումները միջազգային հեղինակավոր կառույցներին մնում են անպատասխան և բողոքի նոտաներից բացի այն կողմ չեն անցնում, ինչի հետևանքով մեր հարևանությամբ շարունակվում է ամրապնդվել բռնապետական պետությունը, որի դառը հետևանքները առաջինն իր վրա զգալու է Անկախ Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ):

Վահրամ Միրաքյան

ArmAr.a


[1]Председатель парламента Азербайджана упрекнул международные организации в незнании сути вопроса о “блогерах”, http://ru.trend.az/news/society/rights/1584848.html

[2]МИД Азербайджана выразил недовольство комментариями для прессы посольств Норвегии и Германии в Баку, http://www.newsazerbaijan.ru/politic/20091117/43136405.html

[3] ЕС выразило беспокойство в связи с приговором оппозиционным блогерам в Азербайджане, http://www.newsazerbaijan.ru/newsaz/20091113/43131087.html

[4]Политолог Рашад Рзакулиев прокомментировал судебное решение в отношении Эмина Милли и Аднана Гаджизаде,  http://day.az/news/politics/181626.html


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն