Մինսկի խմբի միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից հետո հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
«2009թ. նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում։
Բանակցություններին մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպման ժամանակ երկու նախագահներն անցկացրել են համանախագահների առաջարկած ամենակարեւոր եւ չլուծված կետերի մանրամասն քննարկումներ։ Ավելի քան 4 ժամ տեւած բանակցությունները կառուցողական են եղել։ Մի շարք հարցերում առաջընթաց է գրանցվել։ Միաժամանակ, շատ հարցեր դեռեւս մնում են չլուծված։ Նախագահներն իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են այդ հարցերի առնչությամբ շարունակել աշխատել համանախագահների հետ։ Հաջորդ քայլը կլինի ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախորդող՝ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը Աթենքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը»։
ArmAr.am












