Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Կատարվեց Կեչառիս համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և Սբ. Նշան մատուռի Սբ. Սեղանների օծումը

Նոյեմբեր 23, 2009թ. 09:37

Sb SargisՆոյեմբերի 22-ին մեծ խանդավառությամբ տեղի ունեցավ Կեչառիս  վանական համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և Սբ. Նշան մատուռի Սբ. սեղանների օծումը` ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի: Կեչառիսի վանական համալիրը միջնադարի հավատքի, գիտության, մշակույթի նշանավոր ու փառավոր կենտրոն է եղել: Ժամանակի այս լուսավոր սրբավայրի հետ են կապված  եղել Ապիրատյան, Պահլավունի, Վաչուտյան և Պռոշյան հռչակավոր տները: Այս վանքում ժամանակին ապրել են նշանավոր գրիչներ և ծաղկել են բազմաթիվ գրքեր:

Անցել են դարեր: Ծաղկուն միջնադարին հաջորդել են ամայացման տասնամյակներ, և Սբ. Կաթողիկե եկեղեցին (1214թ.) և Սբ. Նշան մատուռը (1051թ.) եւս այդ ավերի հետեւանքներն էին կրում:

Գերաշնորհ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզեց` բնաբան վերցնելով Ղուկասի Ավետարանի ժբ գլխի 15 համարը. «Տեսեք որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»: Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց վերոհիշյալ եկեղեցիների բարերար` ՀՀ ռազմական ոստիկանության պետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանին, ուխտավորներին և բոլոր ներկաներին:

Տոնախմբությանը ներկա էին Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, բարձրաստիճան զինվորականներ, մարզային և քաղաքային իշխանությունների  ներկայացուցիչներ: Օրը Ծաղկաձոր քաղաքի բնակիչների համար տոնական էր. կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը զուգահեռ`  ներկաներին բաժանվեց մատաղ` Սբ. Կաթողիկե և Սբ. Նշան եկեղեցիների Սբ. սեղանների  օծման ուրախալի առիթով:

Կոտայքի թեմի լրատվական բաժին


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն