Բեռնար Ֆասյեն փրկեց Ալիևի դեմքը
Երեկ Մյունխենում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական` այս տարի արդեն թվով վեցերորդ հանդիպումը: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այս հանդիպումը հետաքրքրություն չէր ներկայացնում քաղաքագիտական և լրատվական դաշտի համար այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ղեղավարը հանդիպման նախօրեին հերթական անգամ հանդես չեկավ ռազմատենչ հայտարարություններով: Արդյունքում իրավիճակը լարվեց այն աստիճանի, որ համաշխարհային մամուլը լցվեց Արցախում պատերազմի վերսկսման հնարավորության մասին լրատվությամբ:
Նոյեմբերի 22-ը կարող էր իսկապես շրջադարձային դառնալ արցախյան հակամարտության կարգավորման գործում: Պաշտոնական Բաքուն, որը հույսը դրել էր Հայաստանի շրջափակման միջոցով Արցախն իրեն ենթարկեցնելու վրա, հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների պատճառով հայտնվել է քաղաքական ճգնաժամի մեջ: Իլհամ Ալիևի վարչակազմը չի կարողանում կողմնորոշվել, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի դիվանագիտություն որդեգրել` Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը լուծելու համար: Ընդ որում, Ալիևը դժվար իրավիճակում է հայտնվել ոչ միայն արտաքին դաշտում, այլև Ադրբեջանի ներսում: Միապետական ամբիցիաներ հետապնդող Ալիևը չի կարող թույլատրել, որպեսզի ադրբեջանցիների մոտ նույնիսկ փոքր-ինչ կասկած առաջանա իր ամենակարողության հանդեպ: Այդ իսկ պատճառով Ալիևը որոշել է դիրոքորոշման կոշտացում ցուցաբերել` հավանաբար հույսը դնելով ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի վրա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից առաջ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, Ֆասյեն Մյունխենում` նախագահների հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց, որ Ալիևն ու Սարգսյանը «որոշակի կարևոր առաջընթացի են հասել»: Բեռնար Ֆասյեի այս խոսքին Ադրբեջանի հասարակությունը սպասում էր շունչը պահած: Հայերի հետ նոր պատերազմի հեռանկարը, կարծես, կանգնեցրել էր կյանքն Ադրբեջանում: Վերջին երկու օրերի ընթացքում այնտեղ աշխուժություն էր նկատվում միայն բենզալցակայաններում և ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալություններում: Եվ Ֆասյեի արտաբերած այդ խոսքերը, ադրբեջանցիների քիմքին ավելի հաճելի եղան, քան Գաբրիել հրեշտակի ավետիսը` Մարիամ Աստվածածնին: «Պատերազմ չի լինի»,-հոգոց հանեցին վախեցած ադրբեջանցիները` քամու թեթև «տատանումներ» առաջացնելով հարևան երկրներում: Եվ արդեն ամենևին էլ կարևոր չէ, որ նույն Ֆասյեն, շարունակելով միտքը, ասել է, թե բանակցություններում նաև «որոշակի բարդություններ են ի հայտ եկել»: Կարևորը, որ «առաջընթաց» կա, կարևորը, որ պատերազմ չի լինի: Եվ այսօր ադրբեջանցի հերոս ժողովուրդը կդիմավորի իր միակ ու անկրկնելի առաջնորդին: Նրան, ով իր «մռնչյունով» փորձեց, հանդիպման նախաշեմին, սարսափեցնել Հայաստանի նախագահին…
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ












