Դարձյալ Երևանյան սկզբունքների մասին
Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը պատրաստվում էր պաշտոնական նամակ ուղարկել ՀՀ նախագահին` առաջարկելով Մադրիդյան սկզբունքները փոխարինել նոր, հայեցակարգային մոտեցմամբ: Օգոստոսի 26-ին ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանն իր առաջարկներն արդեն իսկ ուղղարկել է երկրի նախագահիև, և այդ առիթով հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց. «Օր օրի ավելի է սրվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական իրավիճակը: Մեր կանխատեսումները, ցավոք, իրականություն են դառնում: Համոզված ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկտեղել են իրենց ուժերը և փորձում են Հայաստանին զիջումներ պարտադրել: Բազմիցս հայտարարել ենք, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն և մենք այլ տարբերակ ենք գտել»: Ի՞նչ է գրել Արամ Սարգսյանն իր նամակում Եվ այսպես· ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած նամակում ՀԴկ նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է, որ կողմերը նախ համաձայնության գան մեկ հարցի շուրջ, որ պետք է զուգահեռաբար ընթանան առնվազն երեք գործընթացներ. դրանք են. – հակամարտող կողմերի միջև հաշտության մասին համաձայնագրի ստորագրում, որը գործում է մինչև բուն բանակցությունների ավարտը և հիմք է հանդիսանում միմյանց նկատմամբ թշնամանք սերմանող քարոզչությունից հրաժարվելու համար. – հատուկ մշակված ծրագրային միջոցառումների իրականացում, որը նպաստելու է երկու հասարակությունների միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը – երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացում, թեկուզ եթե առաջին փուլում դրանք լինեն միջնորդավորված, ինչի շնորհիվ ԼՂՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային բնույթի նախագծերում նախադրյալներ կստեղծի Ադրբեջանի հետ ուղղակի շփումներ ունենալուն: Սարգսյանը համոզված է, որ այս ամենից հետո միայն կարող են լինել ձեռքբերումներ, որոնք իրատեսական կդարձնեն քաղաքական բանակցությունների հաջողությունը: Քաղաքական գործիչի համոզմամբ` վերոհիշյալ սկզբունքների կիրառումը կբարձրացնի վստահության նշաձողը, և թուլացնելով լարվածությունը, հնարավորություն կտա առարկայական բանակցություններ վարել արցախյան հիմնահարցի հիմք ու պատճառ հանդիսացող` ԼՂՀ կարգավիճակի, տարածքների, փախստակաների և տեղահանվածների, միջազգային երաշխիքների և խնդրահարույց այլ հարցերի շուրջ: Արամ Սարգսյանը կարծում է, որ այդ նոր փաստաթուղթը նոր էջ կբացի բանակցային գործընթացում: * * * Իսկ կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ ադրբեջանական կողմը կմիանա Երևանյան սկզբունքներին: Այս առումով Ա. Սարգսյան ասաց. «Դրա համար հայկական կողմը պետք է նախաձեռնող լինի: Մենք այնքան մամիտ չենք, որ կարծենք, թե ադրբեջանական կողմը միանգամից կմիանա, բայց մենք փորձում ենք հաշտության ձեռք մեկնել: Այլ տարբերակ չկա: Մենք ասում ենք, որ եթե դուք համաձայն եք հաշտություն կնքել, ուրեմն, միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծել մյուս հարցերը` Արցախի կարգավիճակի, տարածքների, փախստականների հարցերը»: Սարգսյանը համոզված է, որ Երևանյան սկզբունքները կարող են նպաստել կողմերի համաձայնությանը. «Եթե այդքանից հետո Ադրբեջանը չհամաձայնի, ուրեմն, բոլորը համար պարզ կդառնա, որ նրա նպատակն ամենևին էլ խնդրի խաղաղ կարգավորումը չէ»: Ս.Հ.












