Արցախը` համահայկական միասնության դեղատոմս
Արցախի դաշնակցականները նոյեմբերի 21-ին սկսել են տասնվեցերորդ շրջանային ժողովը: Կուսակցության Արցախի կազմակերպության անցած երկու տարվա աշխատանքներին և առաջիկա անելիքներին նվիրված հավաքի բացումը հրապարակային էր: Հրավիրված էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կուսակցապետեր, հասարակական, քաղաքական գործիչներ:
Ինչպես դաշնակցականների, այնպես էլ Արցախի մյուս քաղաքական ուժերի առջև ծառացած են նույն խնդիրները, գտնում է Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը: Վերջին տարիների փորձը և քաղաքական համերաշխության մթնոլորտը հնարավորություն են ընձեռել խնդիրները հաղթահարել միասին և ցույց են տվել, որ համատեղ ուժերով է հնարավոր լուծել բոլոր հարցերը:
Նույն ոգով հանդես եկավ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը: Արթուր Թովմասյանը չմոռացավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները` հույս հայտնելով, որ ձևավորված ներքաղաքական մթնոլորտում Ազգային ժողովի առաջիկա ընտրարշավում որոշողը կլինեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Արտաքին քաղաքականության ասպարեզում «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչը առաջարկեց Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը թողնել գործադիր իշխանությանը, իսկ ԼՂՀ ճանաչումը դարձնել համազգային հարց:
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, համազգային իրականության մեջ, երբ մեր միասնության մեջ ոչ առանց հակառակորդի միջամտության պառակտում կա, Արցախն այսօր կղզու է նման, որտեղից գուցե և կգա ապաքինումը:
Ի՞նչ են արել անցած երկու տարում դաշնակցականներն Արցախում, ինչպիսի՞ մարտահրավերներ են տեսնում, որոնց պիտի դիմակայել: Այս հարցերն էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ելույթի առանցքում:
Դաշնակցական գործիչը համաձայն է Արցախի մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ վերջին երկու տարում Արցախում նոր ներքաղաքական մթնոլորտ է ձևավորվել: Արտաքին վտանգների գիտակցումը բերեց ներքին միասնականության, որն էլ իր հերթին հատկապես Արցախյան հիմնահարցի առնչությամբ հնարավորություն տվեց իշխանություններին կարծր դիրքորոշում որդեգրել:
Իշխանությունն ու Դաշնակցության Արցախի կառույցը միակարծիք են նաեւ ներքին քաղաքականության մեջ: Դաշնակցությունն արդեն երկու տարի է` իշխանության մեջ է:
Նոր ընտրությունների շեմին Դաշնակցությունն առաջին հերթին ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն է ակնկալում: Այսուհանդերձ, կուսակցության օրախնդիրը արցախյան հիմնահարցի հանգուցալուծումն է: Այս հարցում ՀՅԴ ներկայացուցիչները որոշակի վտանգներ են տեսնում: Ապրիլյան դեպքերից սկսած` համահայկական մտահոգությունը արցախյան դաշտից տեղափոխվել է հայ-թուրքական հարաբերությունների դաշտ: Պարտադրված այդ քաղաքականությանը Արցախը պետք է հակադարձի հակամադրիդյան արշավով:
Իսկ թե վերը նշված խնդիրների իրագործման ճանապարհին որն է լինելու ՀՅԴ Արցախի կառույցի դերը առաջիկա երկու տարվա ընթացքում, կհստակեցվի տասնվեցերորդ շրջանային ժողովի ընթացքում:












