Գլխավոր » Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփոխվեն

Օգոստոս 8, 2009թ. 18:24

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը շուտով կլքեն իրենց պաշտոնները: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերի համաձայն` այս աշնանն ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան որպես Մինսկի խմբի համանախագահ վերջին անգամ կժամանի տարածաշրջան: Ըստ շրջանառվող լուրերի`  Բրայզային սպասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Երկրորդ համանախագահը, որը շուտով կհեռանա ադրբեջանա-արցախյան հակամարտության գործընթացից, կլինի ինքը` Մերզլյակովը:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում սպասվող փոփոխությունները համընկնում են տարածաշրջանում սկսված  քաղաքական բարդ վերափոխումների հետ: 2008 թ. ռուս-վրացական պատերազմն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» վերսկսման պատճառ դարձավ: Երկու գերտերությունների միջև հարաբերություններն այնքան էին լարվել, որ շատ վերլուծաբաններ սկսեցին զգուշանալ վատթարագույնից: Այդ իրավիճակում անհնար էր պատկերացնել ռուս-ամերիկյան համագործակցություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Համանախագահող երկրների տարաձայնություններն առավել ընդգծվում էին այն պարզ պատճառով, որ  գերտերությունների միջև կռվախնձոր էին դարձել ԼՂՀ-իի ճաւատագիրը կրկնող  Աբխազիան, Հարավային Օսեթիան և Կոսովոն:
Սակայն չնայած դեպքերի զարգացման ամբողջ լրջությանը` ԱՄՆ-ի նոր նախագահի աշխատակազմին հաջողվեց զգալիորեն մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը: Գիտակցելով ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու հետևանքները` պաշտոնական Վաշինգտոնը  Կրեմլին առաջարկեց սեղմել «վերաբեռնավորման կոճակը» և փորձել բանակցությունների սեղանի շուրջ լուծել բոլոր վիճահարույց խնդիրները: Ամերիկացիների առաջարկն ընդունվեց, և մենք երկու երկրների արտաքին քաղաքականության լուրջ վերափոխումների ականատեսն ենք դառնում: Ընդ որում դատելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններից` սպասվում է նաև ազդեցության գոտիների վերաբաշխում, որով Ռուսաստանը հնարավորություն կստանա ավելի ազատ գործել նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող տարածաշրջանում: Այն գիտակցումը, որ ԽՍՀՄ նախկին պետությունները Ռուսաստանի կենսական շահերի գոտում են գտնվում, ամերիկացիներին ստիպեցին այդ տարածաշրջանում մեղմել իրենց քաղաքականությունը: Դրա մասին են վկայում նաև Բարակ Օբամայի մոսկովյան այցին հետևած` ԱՄՆ փոխնագահ Ջոզեֆ Բայդենի այցերը Ուկրաինա և Վրաստան, երկրներ, որտեղ հակառուսական վարչակարգ հաստատելու համար ամերիկան դիվանագիտությունը ժամանակին մեծ ջանքեր է գործադրել:
Ռուսաստանի  և ԱՄՆ – ի արտաքին նոր քաղաքականությունը  պահանջում է նոր դերակատարներ:

Ամենայն հավանականությամբ հենց դրանով է պայմանավորված համանախագահների փոփոխությունը:
1994 թվականի հրադադարից հետո ԵԱՀԿ  Մինսկի խմբի գերխնդիրը ԼՂՀ-Ադրբեջան  հակամարտության գոտում խաղաղության  պահպանումն էր: Համանախագահող երկրներն  ամեն ինչ անում էին ստեղծված  ստատուս քվոն հնարավորինս երկարաձգելու համար: Եվ դա նրանց հաջողվում էր: 2008 թվականի օգոստոսյան վրաց-օսական հնգօրյան պատերազմը կարծես թե Հարավային Կովկասում  խաթարեց այդքան ցանկալի ստատուս քվոն: Ուստի տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ մշակելու անհրաժեշտություն առաջացավ: Այս գործն է, որ պետք է կատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանագահները: Իսկ թե որքանով այդ գործընթացը կազդի հայկական երկու պետությունների դիրքերի վրա` ցույց կտա ժամանակը:
Հրանտ Մելիք-Շահնազարյան


Թեգեր` , ,

Դիտել Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`