Դավիթ Ջամալյան. «Ալիևն իր պարզունակ հայտարարություններով Սերժ Սարգսյանին չի վախեցնի»
«Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերազմը սկսում էին նախապես հայտարարելով: Այսօր այդ մասին ոչ ոք նախօրոք չի հայտարարում` դիմացինին հանկարծակիի բերելու ու հնարավորինս արագ հաղթանակ տանելու ակնկալիքով: Նման հայտարարություններն ընդամենը Ալիևի հերթական ռեվանշիստական հոխորտանքն են: Նման պարզունակ հայտարարություններով Սերժ Սարգսյանին չես վախեցնի, իրենք դա լավ գիտեն»,-մեկնաբանելով Իլհամ Ալիևի կողմից օրերս կատարված ռազմատենչ հայտարարությունը` ասաց հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի, բայց դա առնվազն քիչ հավանական է: Նախ դրա համար չկան նպաստավոր երկու հիմնական պայմանները. «Պատերազմը սկսվում է այն դեպքում, երբ կողմերից մեկը թուլանում է, կամ երբ աշխարհի ուժի կենտրոններից մեկին ձեռնատու է դառնում պատերազմական իրավիճակը»,-մեկնաբանում է Ջամալյանը: Այսօր, սակայն, պատերազմի պատրաստ չէ ոչ միջազգային հանրությունը, ոչ ինքը` Ադրբեջանը:
Միջազգային հանրության համար տարածաշրջանն առաջին հերթին դիտարկվում է որպես «կոմունիկատիվ» հանգույց, որտեղ տեղի ունեցող պատերազմական գործողությունները չեն բխում մեծ տերությունների շահերից:
Ըստ հոգեբանի, Ադրբեջանի իշխանությունները նման հայտարարություններով ցանկանում են տագնապ առաջացնել առաջին հերթին հայ հասարակության մեջ. «Հասկանալի է, որ մարդիկ, պատերազմի վտանգի մասին լսելով, սարսափում են և սկսում մտածել դրանից խուսափելու ու զիջումների գնալու մասին: Ադրբեջանը հույս ունի հայ ժողովրդի մեջ նման տրամադրվածություն ստեղծելով, ներազդել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս գնան զիջումների»,-եզրակացնում է Դ. Ջամալյանը:
Նման հոգեբանական հնարքների թակարդը չընկնելու համար մասնագետն առաջարկում է միշտ հիշել, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ, որը բոլորովին չի զիջում հակառակորդ կողմին:
ArmAr.am












