Գլխավոր » Լրահոս

Ալիևը մի ճիգ էլ արեց հերոսանալու

Նոյեմբեր 23, 2009թ. 16:00

Մինչ կկայանար մյունխենյան հանդիպումը, Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը  հանդես եկավ վերջին տարիներին իր համար շա~տ հոգեհարազատ դարձած հերթական հայտարարությամբ. «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա, և մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների միջոցով ազատագրել ադրբեջանական հողերը»: Ալիևը նաև խոստովանեց, որ տարիներ շարունակ միլիարդավոր գումարներ են ծախսել ու շարունակում են ծախսել` ձեռք բերելով նոր զինամթերք ու ռազմատեխնիկա. Էդքանից հետո  բա ո՞նց կլինի, որ պատերազմ չանեն: Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ ձեռքի հետ էլ փորձեց արդարացնել` ռազմական նպատակներով բյուջետային գումարների ծախսումը:

Ալիևն իր հոխորտանքն ավարտել էր այն մտքով, թե Ադրբեջանը պատրաստ է «իր հողերն» ազատագրել ռազմական ճանապարհով:

Ալիևի կողմից բարձրացված հերթական «քամին»  թերևս մի վերջին ճիգ էր սեփական ժողովրդին ի ցույց դնելու իր հերոսական  կերպարն ու հավատացնելու, թե  ինքն ինչ-որ դերակատարություն ունի բանակցային  գործընթացների վրա: Հասկանալի է, որ Ալիևի հերթական  հայտարարությունը, ինչպես և մյուս բոլորը, ուղղված էր  ներքին լսարանին: Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի:  Ադրբեջանի նախագահը  մի շատ կարևոր բան հաշվի չի առնում. սեփական ժողովուրդն այլևս հոգնել է ու չի հավատում իր «հերոս» նախագահի վերամբարձ խոսքերին:

Ավելին, Ադրբեջանի  ներքաղաքական դաշտում  նկատելի են դառնում լուրջ խմորումները:  Իշխանությունների նկատմամբ հասունանում է անվստահությունը:

Մասնավորապես, ընդդիմադիր ճակատից արդեն իսկ  Իլհամի հասցեին հնչում են այսպիսի արտահայտություններ` նախագահը ստախոս է: Իսկ, օրինակ, Ադրբեջանի  Ժողովրդական ճակատի առաջնորդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե բոլորը գիտեն, որ Ղարաբաղի շրջակա տարածքների մեծ մասն Ադրբեջանը կորցրել է հայր Ալիևի նախագահության օրոք:

Ադրբեջանի նման բռնատիրական երկրում, ուր ալիևյան կլանն իր մետաստազներն է ձգել ողջ երկրով մեկ,  նման խոսքերի հնչեցումն, իհարկե, իր մեջ մեծ ռիսկ է  պարունակում: Սակայն, Ադրբեջանի քաղաքական դաշտից հնչող նման համարձակ հայտարարություններն արդեն իսկ վկայում են  իշխանությունների նկատմամբ աճող անվստահության ու հասունացող հնարավոր հակասությունների մասին:

Մի բան հստակ է. Ադրբեջանի նախագահը հայտնվել է լուրջ հոգեբանական խնդրի առաջ և ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ հնչեցնելով ընդամենը փորձում է հաղթահարել այդ հոգեբանական բարդույթը:

Իսկ իրողությունն այն է, որ  Ադրբեջանը ևս շատ լավ է հասկանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն այնքան հզոր է, որ կարող է ցանկացած պահի կանխել ցանկացած ագրեսիա և արժանի հակահարված տալ ադբեջանական ռազմատենչությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն