Սամվել Նիկոյան. «Ալիևը ցայտնոտի մեջ է»
«Մյունխենում կայացած հանդիպումից մենք առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս հարցերում մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը որևէ այլընտրանք չեն կարող ունենալ: Ադրբեջանցիներն ինչ-որ անհասկանալի տերմինների մասին են խոսում` ինչ-որ կարգավիճակի հա~րց, Ղարաբաղ` Ադրբեջանի կազմո~ւմ… սրանք մտքեր են, որոնց ո’չ իրենք են հավատում, ո’չ էլ ինչ-որ լուրջ մարդ կարող է հավատալ կամ բանի տեղ դնել», -Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման արդյունքների մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա. «Ցանկացած հանդիպում կարող է դրական տարրեր պարունակել, բայց դեռ հարցերի լայն շրջանակ կա, որ պետք է քննարկվի: Այսօր դեռ վաղ է խոսել դրական մեծ փոփոխությունների կամ Ղարաբաղյան հարցի լուծման մասին, քանի որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ Ղարաբաղյան խնդրի այնպիսի լուծման, ինչպիսին ակնկալում է միջազգային հանրությունը»:
ԱԺ փոխխոսնակի կարծիքով Ադրբեջանում լավ են հասկանում, որ միջազգային հանրությունն արդեն պատրաստ է տեսնելու և ճանաչելու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա լավ են հասկանում նաև Թուրքիայում, ինչն էլ, պարոն Նիկոյանի կարծիքով, պատճառ է դարձել, որ Մյունխենում տեղի ունեցած հանդիպումից առաջ Ալիևը բորբոքված հայտարարություններ հնչեցնի` թե հերթական անարդյունք հանդիպումից հետո «պետք է պատերազմական գործողությունների միջոցով ազատագրեն ադրբեջանական հողերը»:
«Ալիևը Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին հաճախ հնչեցվող hայտարարություններն օգտագործում է իր ներքին սպառման համար: Այս դեպքում նա փորձում էր ուղղակի ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, իսկ ավելի կոնկրետ` համանախագահների և Հայաստանի նախագահի:
Ալիևի վրա նաև ազդեցություն է գործել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման ընթացքը, և նա հայտնվել է ցայտնոտային իրավիճակում: Դա է ապացուցում նրա վարքագիծը: Նա ցանկանում է մինչև հայ-թուրքական խնդիրների կարգավորումը օր առաջ ինչ-որ բան կորզել Հայաստանից:
Բայց ես զարմանում եմ նրա տրամաբանության պարզունակության վրա, որ կարծում է, թե Հայաստանը երբևիցե կարող է նման քայլի գնալ, զարմանում եմ, որ փորձում է հայ-թուրքական հարաբերություններն ամեն կերպ կապել Ղարաբաղյան խնդրի հետ»:
Դեռ Արցախյան պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանը փորձում էր խնդիրը տեղափոխել կրոնական հարթություն: Այսօր դարձյալ նրա նպատակը նույնն է , երբ
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը պարբերաբար բարձրաձայնում է իսլամական կոնֆերանսների ժամանակ: Սամվել Նիկոյանի կարծիքով դա էլ ապարդյուն է. «Կարծում եմ, որ Ադրբեջանին չի հաջողվի խնդիրը կրոնական դաշտ տեղափոխել ու հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել, քանի որ և’ մահմեդական աշխարհը, և’ միջնորդ երկրները, և’ Հայաստանը հասկանում են, որ այս խնդրում որևէ կերպ չի կարող կրոնական հարց լինել: Կա Կոսովոյի նախադեպը, որտեղ կրոնական գործոնը ոչ մի դերակատարում չունեցավ, և աշխատեց ազգերի ինքնորշման իրավունքը. մահմեդական Կոսովոն քրիստոնյա Ամերիկայի ու Եվրոպայի օգնությամբ անկախացավ քրիստոնյա Սերբիայից: Այնպես որ, Ադրբեջանն անկարող է որևէ կերպ շահարկել մահմեդական գործոնը», – եզրափակեց Սամվել Նիկոյանը:
ArmAr.am













