Արիս Նալջի. «Արցախյան խնդրին վերաբերող թուրքական ղեկավարության հայտարարությունները Ադրբեջանի համար են»
Օրերս «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին Երևանում էր և այցելեց նաև ArmAr.am-ի խմբագրություն: Արիս Նալջիի հետ ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց տարբեր թեմաներից: Ներկայացնում ենք նրա մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների և սահմանի բացման վերաբերյալ: «Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների և սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայում ապրող հայ համայնքը, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ունի: Ես էլ համաձայն եմ, որ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Բայց սահմանների բացմանը երկու երկրներն էլ պետք է պատրաստ լինեն: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ և տեղեկատվություն: Ինչպես թուրքերը ոչինչ չգիտեն հայերի մասին, այնպես էլ հայերը` նրանց մասին: Ցեղասպանության ճանաչման հոսանքը պետք է ներքևից ուղղորդվի: Երբեմն պատահում է, որ երկիրը ճանաչում է իր գործած ցեղասպանությունը, իսկ ժողովուրդը չի ընդունում: Ինձ համար կարևորն այն է, որ թուրք ժողովուրդն ընդունի Հայոց Ցեղասպանությունն ու ինքն էլ ճնշի իր երկրի կառավարության վրա` ճանաչելու Ցեղասպանությունը: Հրանտ Դինքի սպանությունից հետո հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ու հայտարարեցին «Բոլորս Հրանտ ենք»: Ես կարևորում եմ ժողովուրդների շփումը: Իրականում հայ և թուրք ժողովուրդների միջև համագործակցությունն սկսվել է ավելի վաղ, դեռ 5 տարի առաջ, երբ եկա Հայաստան ու տեսա, որ թուրք ռեժիսորներ են մասնակցում «Ոսկե Ծիրան» փառատոնին: Կառավարություններն անցողիկ են, իսկ ժողովուրդները մնայուն ու հարատև: Բայց միայն ժողովուրդների` միմյանց ճանաչելը բավարար չէ, պետք է նաև կառավարությունները ճանաչեն միմյանց, կարողանան իրար հետ այնպես խոսել, որ միմյանց հասկանան: Հիմա մենք իրար չենք հասկանում. օրինակ, երբ մենք Լեռնային Ղարաբաղ ենք ասում, մի բան ենք հասկանում, թուրքերը` մի այլ բան, «տարածաշրջան» ասելիս էլ` մի այլ բան: Իսկ սահմանի բացումը կնպաստի համագործակցության սերտացմանը: Ժողովուրդները, միմյանց հետ խոսելով ու իրար ճանաչելով, կարող են ապրել միասին: Հայաստանի քաղաքացիները պետք է գնան Արևմտյան Հայաստան, տեսնեն այն երկիրը, այն գյուղերն ու տները, որտեղ ապրել են իրենց պապերը: Իսկ փակ սահմանի դեպքում մարդիկ դժվարությամբ կշփվեն, ու չեն կարող հարաբերություններ հաստատել: Եղել է, որ Թուրքիա են եկել սփյուռքահայեր, նրանց հետ գնացել ենք ու գտել իրենց պապերի տները: Անգամ մի քուրդ նրանցից մեկին մի երկու օրով իր տունը տվեց. դա այն տունն էր, որտեղ ապրել էին նրա պապերը: Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա ես դրանց մեջ վտանգավոր որևէ բան չեմ տեսնում, չեմ տեսնում նաև Ցեղասպանությանը կամ Լեռնային Ղարաբաղին վերաբերող որևէ հատված: Այնպես որ, այս երկու հարցում ցանկացած կողմի միջամտություն կարող է կանխվել, քանի որ փաստաթղթերում այդ հարցերի մասին ոչինչ ամրագրված չէ: Իսկ Թուրքիայի ղեկավարության կողմից պարբերաբար արվող այն հայտարարությունները, թե հարաբերություններ չեն հաստատվի, մինչև Ղարաբաղյան խնդիրը չլուծվի, թուրքահայ համայնքի համար ոչ մի նշանակություն չունի. նրանք գիտեն, որ դա արվում է Ադրբեջանի համար»: Պատարաստեց Անի Աբովյանը












