Գլխավոր » Լրահոս

Հ. Աբրահամյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբեր 24, 2009թ. 11:34

Նախօրեին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որը ևս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրեցին իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ:

Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:

Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր գնահատեցին ՀՀ և ԹՀ Նախագահների համարձակ համատեղ աշխատանքը և համաձայնեցին, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարևան ժողովուրդների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաև փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ և ԹԱՄԺ միջև:

Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփեցին հանդիպումը` հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն