Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ

Նոյեմբեր 24, 2009թ. 12:43

Նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և հույս հայտնել, որ արձանագրությունները շուտափույթ կերպով կվավերացվեն, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը:

Նալբանդյանն ու Ֆրատինին քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը` նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը: Ընդգծվել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի զբոսաշրջության և փոխգործակցության մյուս բնագավառների զարգացմանը:

Ֆ. Ֆրատինիի խնդրանքով Է. Նալաբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Շնորհակալությամբ ընդունելով Երևան այցելելու ՀՀ ԱԳ նախարարի հրավերը, Իտալիայի ԱԳՆ ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստան կայցելի 2010 թ. առաջին կիսամյակում:

Հանդիպումից առաջ նախարարները ստորագրել են «Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը և «ՀՀ կառավարության և Իտալիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն