Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Իլհամ Ալիևը տառապում է մանկամտությամբ ու տղամարդկային անլիարժեքությամբ. համոզված է հոգեբանը

Նոյեմբեր 24, 2009թ. 14:49

«Անձի ներքին ազատության սպառնալիքի դեպքում մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն սեփական անձի նկատմամբ, և  ի հայտ են գալիս հոգետրավմատիկ իրավիճակներ` համապատասխան  պարանոյիկ դրսևորումներով»:

Նման պարանոյաներով ու պաթոլոգիկ երևույթներով էլ հենց մասնագետները բացատրում են  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հոգեկան վիճակը:

Ի՞նչ  հիվանդությամբ է տառապում որդի Ալիևը:

Մեզ հետ զրույցում հոգեբան Հրայր Ավանեսյանը մասնագիտորեն  ներկայացրեց այն հոգեկան պաթոլոգիկ վիճակը, որում այսօր գտնվում է հարևան երկրի առաջնորդը: Ի դեպ, նկատենք, որ Ալիևի մոտ այդ երևույթն ունի իր  բոլոր հիվանդագին դրսևորումները:

Դա արտահայտվում է նրա պահվածքում, վերջինիս կողմից հնչեցվող հայտարարություններում:  Նրան հանգիստ չեն տալիս կպչուն մտքերը: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա հնարավոր ցանկացած առիթ բաց չի թողնում հանդես գալու  ոգեշունչ ելույթներով, որոնցում անվերջ  նույն պահանջներով ու նույն տեքստերով սպառնալիք է հնչեցնում հարևան երկրի` Հայաստանի հասցեին: Նրա նման պահվածքը  վերլուծաբանների կողմից բազմիցս է գնահատվել որպես  երկրի ղեկավարին ոչ հարիր անլուրջ պահվածք: Բայց, պարզվում է, այդ անլրջության հիմքում ընկած է հոգեկան լուրջ հիվանդություն:

Հոգեբանության մեջ գոյություն ունի պաթոլոգիկ հոգեկան վիճակների առանձին բնորոշում` մանկամտություն, որով էլ, ըստ հոգեբան Ավանեսյանի, առաջին հերթին կարելի է  բնորոշել առաջնորդի նման վարքագիծը. «Երբ երեխան ինչ-որ բան է ուզում, անընդհատ կրկնում է, խոսում է իր այդ ցանկության մասին` ծնողներից ցանկալին ստանալու ակնկալիքով»: Սակայն  Ալիևի հոգեկան խնդիրները միայն մանկամտություն չես անվանի. որդի Ալիևի մոտ  ի հայտ է գալիս հոգեկան խնդիրների մի ամբողջ փունջ. «Մարդու մոտ հոգական վիճակի նման արտահայտությունները կարող են կապված լինել նաև թերարժեքության զգացումի հետ, հատկապես, տղամարդկային արժանապատվության կորստի մտավախության հետ, իսկ բավական արտահայտված որովայնն ու լայն դեմքը քիչ պատճառ չեն մարդու մոտ կոմպլեքսներ առաջացնելու համար»:

Ադրբեջանի նախագահի կողմից` ժամանակ առ ժամանակ հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, որ զառանցանք են հիշեցնում, ըստ հոգեբանի, պայմանավորված է նաև անպաշտպանվածության զգացումով:

Բոլոր այս հիվանդագին երևույթները նկատի ունենալով` Հրայր Ավանեսյանը  քաղաքական գործիչներին` հայ և օտարազգի, խորհուրդ է տալիս հոգեկան նման խնդիրներ ունեցող մարդու կողմից հնչող հայտարարություններին այսուհետ  ուշադրություն չդարձնել, փոխարենն առաջարկում է կարեկցանքով վերաբերվել Ադրբեջանի նախագահի հանդեպ, քանի որ. «Հիվանդներին պարզապես պետք է կարեկցել ու խղճալ: Իսկ մեր նշած մասնավոր դեպքն ուղղակի անբուժելի է. «մեր» հիվանդն իր ցանկալին երբեք չի ստանա, հետևապես` ողջ կյանքում կտառապի մանկամտությամբ, թերարժեքության, տղամարդկային արժանապատվության, անլիարժեքության բարդույթներով  ու էլի բազմաթիվ նման հոգեկան պաթոլոգիկ երևույթներով:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն