Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Վրաստանը զավթում է հայկական հողերը

Օգոստոս 27, 2009թ. 17:24

Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Այդ մասին հայկական news.am կայքի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որի խոսքերի համաձայն այս տարվա մայիսից իրենց արգելվել է մոտենալ 300 հա համայնքային հողերին, որոնք սահմանամերձ են:
Մասնավորապես, վրացական կողմը որոշել է դեռ 400 մետր էլ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, որոնք Բավրայի համայնքային հողերն են։ Գյուղացիները Հայաստանի անշարժ գույքի կադաստրից սեփականության մասին վկայագրեր ունեն, որոնք ապացույցն են, որ այդ հողերը պատկանում են իրենց։ Ի դեպ, վկայագրերը տրամադրվել են դեռևս 1993-2004 թվականներին:
Սումբուլյանը նշել է, որ գյուղը, հիմնականում, զբաղվում է անասնապահությամբ, և այդ հողերը օգտագործվում են անասնակեր աճեցնելու նպատակով:
«Մենք ունենք 1500 գլուխ անասուն, և եթե մեզ չտրամադրվի այդ հողերն օգտագործելու հնարավորություն, ապա մենք ստիպված կլինենք մորթել անասունների մի մասը»,- հայտարարել է Սումբուլյանը՝ հավելելով, որ ինքն այդ հողերի օգտագործման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ունի։ Այսինքն, վրացական կողմը թույլ կտա նրանց անասնակերը մթերել միայն այն պայմանով, որ տեխնիկան ու գյուղացիներն անցնեն մաքսային անցակետով, բերքահավաքից հետո` դարձյալ վերադառնալ այդ անցակետով։
Սումբուլյանը պատրաստվում է այցելել վրացական Ախլցխայի վարչական կենտրոն և հանդիպել Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ՝ հողերից օգտվելու մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։ Նա նաև հայտնել է, որ հայ սահմանապահներն, իրենց հերթին, արգելում են նրանց օգտվել այդ հողերից՝ բարդություններից խուսափելու նպատակով, քանզի վրաց սահմանապահները կարող են այդ դեպքում պարզապես ձերբակալել հայ գյուղացիներին և ենթարկել վարչական պատասխանատվության։
Սակայն գյուղապետը պնդում է, որ վրացական կողմի` հայկական հողերը զավթելու քաղաքականությունը, արմատավորվել է դեռ 1929 թվականին, երբ հին Բավրայի տարածքից աստիճանաբար յուրացվում էին հայկական հողակտորները: Այս քաղաքականության հետևանքն եղավ այն, որ ուղիղ սահմանը վերածվեց կոր գծի։
«Վրացիները վարժվել են իրենց սահմաններն ընդլայնել անտառատունկով, և անտառատներ տնկելով էլ առաջ են շարժվում` դեպի հայկական տարածքներ,- շարունակում է Սումբուլյանը՝ մատնացույց անելով Վրաստան տանող ճանապարհի համայնքային հողերի այն ձախակողմյան ու աջակողմյան հատվածները, որոնք տարբեր տարիների անտառատնկումների հետևանքով հայտնվել են վրացական կողմում։ Սումբուլյանը ցավով ընդգծեց, որ ո’չ անշարժ գույքի կադաստրից, ո’չ էլ ԱԳ նախարարությունից որևէ պատասխան չի ստացել։
Նշենք նաև, որ հայ-վրացական սահմանի այդ հատվածը առայժմ իրավաբանորեն ձևակերպված չէ, սակայն գյուղապետը լի է հողերը համայնքին վերադարձնելու վճռականությամբ. ոչ միայն, այս տարի կորսված 300 հա տարածքը, այլև Բավրայի համայնքային այն հողերը, որոնք դեռ ԽՍՀՄ տարիներին են հայտնվել Վրաստանի տարածքում։ Սումբուլյանի համոզմամբ, նման վայրերում պետք է սահմանի նշագծում կատարվի՝ հաշվի առնելով տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունները։ Մինչդեռ, ըստ նրա, վրացական կողմը խախտում է այդ տրամաբանությունը՝ իր սահմանները տեղաշարժելով անտառատնկումնեևրի միջոցով։ Ընդ որոմ, եթե սկզբնապես սահմանը Վրաստանի կողմից անցնում էր անտառների եզրագծով, ապա ժամանակի ընթացքում վրացական կողմը սկսեց ողջ անտառածածկույթն իրենը համարել:
Armar.am կայքն արդեն գործուղել է իր թղթակցին հայ-վրացական սահմանում գտնվող Բավրա գյուղ` միջադեպի մասին ավելի ստույգ տեղեկություններ ստանալու նպատակով:
Armar.am կայքի խմբագրությանը հայտնի է դարձել, որ նման խնդիրների առջև են կանգնած նաև Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի հայ բնակիչները:


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`