Թուրքիայի հայախոս համշենահայերի թիվը չի անցնում 30-35.000-ից
«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանը:
Հայաստանի հայերս սխալ պատկերացում ունենք համշենահայերի մասին: Ըստ պատմիչներ Ղևոնդի և Հովան Մամիկոնյանի, 789թ. Ամատունիները և այլ նախարարական տներ արաբական հալածանքներից խուսափելու համար, ըստ երևույթին, Բյուզանդիայի կայսեր հետ պայմանավորվելով, որի տիրապետության տակ էր այդ ժամանակ Տրապիզոնը, բնակչության մի մասին տեղափոխում են Սև ծովի հարավային երկայնքով տարածվող տարածքներ: Սակայն դա չի նշանակում, թե մինչ այդ այդ տարածքում հայեր չեն ապրել:
«Պետք է հիշել, որ Տրապիզոնը Փոքր Հայքի թագավորության մաս էր կազմում, որը նաև հայ ժողովրդի էթնիկ սահմանն է եղել: Դեռևս Ուրարտուի ժամանակ են հայերը Սև ծով դուրս եկել: Համամ Ամատունին հայ բնակչությանը տեղափոխում է Սև ծովի հարավային եզերք, Պարխարյան լեռնաշղթայի հյուսիսային կողմ, սակայն վիճաբանություն է սկսվում վրաց Վաշդեան իշխանի հետ, որն էլ այրում է հայաբնակ Տամբուր քաղաքը: Համամ Ամատունին վերակառուցում է այն և անվանում Համամաշեն, իսկ հետագայում այդ անունը տարածվում է նաև գավառի վրա»,- ասաց Սերգեյ Վարդանյանը:
Մինչև 15-րդ, անգամ մինչև 18-րդ դարերը քաղաքի անվանումը հնչել է երկու ձևով` Համամաշեն և Համշեն: Բնական է, որ տարածքի բնակչությունը շփվել է ինչպես շրջակա բնակչության հետ, այնպես էլ ծովով հաղորդակցվել է այլ տարածքների հետ և ներկայացել որպես համամաշենցի, Համշենից եկած, իսկ նրանց բարբառը ստացել է Համշենի բարբառ անվանումը: Սակայն Համշենի հատված տեղափոխվել և բնակվել են ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արևելյան Հայաստանի հայերը, քանի որ տարածքում նավահանգստային քաղաքները շատ էին, և առևտուրն ու բնակության պայմաններն առավել նպաստավոր էին:
«Իրենց համշենցի են ասում ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգների հայ նախնիներ ունեցող մահմեդականները, քանի որ գիտեն, որ հայկական ծագում ունեն, բայց քրիստոնյա չեն: Իսլամ ընդունելուց հետո նրանք չէին կարող հայ ինքնանվանվել, որովհետև կպատժվեին թուրքերի կողմից, սակայն մահմեդական լինելով էլ իրենց թուրք չեն համարել: Երբ նրանց հարցնում էին, թե ովքեր են, խուսափելով թուրք կամ հայ ասելուց, ասում էին համշենցի եմ»,- հավելեց Սերգեյ Վարդանյանը:
Սերգեյ Վարդանյանն ասաց, որ, ընկնելով թուրքական քարոզչության ազդեցության տակ, համաձայն որի համշենցիները թուրք են, նրանց մի մասը թրքացել է, իսկ մյուսները շարունակում են իրենց պարզապես համշենցի անվանել:
«Թուրքը նրանց ասում է` թուրք եք, վրացին ասում է` վրացի եք, մերոնք էլ ասում են` հայ չեք: Անընդմեջ վարվող թուրքացման քաղաքականությունը նրանց մի մասին ստիպել է հավատալ, թե իրենք թուրք են եղել, ապա, ապրելով հայերի մեջ, վերցրել են հայոց լեզուն, իսկ հետագայում վերադարձել են իրենց «թուրքական» արմատներին: Մոտավոր հաշվարկներով, Թուրքիայի իսլամադավ, բայց հայախոս համշենահայերի թիվը 30-35.000 է, թուրքախոսներինը`շատ ավելի: Խոսքը միայն Սև ծովի երկայնքով ապրողների` իսլամացած համշենահայերի մասին է»,- ասաց Սերգեյ Վարդանյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որոնց համաձայն մահմեդական ծագումով հայերի թիվը Թուրքիայում մի քանի միլիոնի է հասնում, գիտաշխատողը կարծում է, որ հնարավոր չէ նման հաշվարկներ կատարել, հատկապես այն դեպքում, երբ շատերը միայն մահանալիս են ասում, որ իրենց նախնիները հայեր են եղել: «Ինչպե՞ս կարելի է Երևանում նստած որոշել, թե Սասունի լեռներում քանի մահմեդականացված ծագումով հայ է ապրում: Բնակչության բռնի մահմեդականացում եղել է արաբների առաջին արշավանքից հետո: Ինքը` թուրքը, որպես ժողովուրդ ձևավորվել է մահմեդականացված հայերի, հույների, վրացիների, քրիստոնյա տեղաբնակ այլ ժողովուրդների, նաև եվրոպացիների հաշվին` վերջիններիս ձուլվելով: Միշտ զարմանում եմ, թե ինչպես են քոչվոր թյուրքական ցեղերը, որոնք ոչ Նարեկացի են ունեցել, ոչ Շիրակացի (որ դեռևս 7-րդ դարում ասում էր, որ երկրագունդը կլոր է), բայց կարողացել են ազգաստեղծ քաղաքականություն վարել` տարբեր ազգերի ձուլելով: Իրենք լինելով մոնղոլոիդ` ստեղծել են եվրոպոիդ թուրք ժողովուրդ:
Սերգեյ Վարդանյանը վստահ է, որ եթե սահմանը դեռևս Խորհրդային տարիներից փակված չլիներ, գուցե հնարավոր լիներ ծագումով հայերին հայ պահել, սակայն շփման բացակայության պայմաններում մենք նրանց կորցրեցինք:
Միաժամանակ իսլամ համշենցիները պահպանել են անաղարտ հայերեն շատ բառեր:
«Նրանց մի մասը, երբ ինձ հյուր է լինում, հաճախ ասում է, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում իրենց հարցնում են` «ոնց ես», իսկ իրենց բարբառով հարցը հնչում է` «ինչբես ես», ինչը գրական լեզվին ավելի մոտ է: Կրոնափոխ համշենցիները վախեցել են կրոնը փոխելուց հետո լեզուն էլ փոխել և կորցնել ազգությունը, այդ պատճառով նրանց լեզվում ավելի քիչ են փոխառությունները, քան Սև ծովի հյուսիսային ափերին` Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում ապրող տասնյակ հազարավոր քրիստոնյա համշենահայերի բարբառում, որում շատ են թուրքերեն և ռուսերեն փոխառությունները»,- եզրափակեց Սերգեյ Վարդանյանը:
Արմենուհի Կարեյան












