Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական դաշտում Ադրբեջանի որոշ հաջողությունների մասին

Նոյեմբեր 24, 2009թ. 15:20

Վահրամ Միրաքյան

Ըստ որոշ մասնագետների,[1] հակառակորդի նկատմամբ տեղեկատվական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քարոզչության 3 հիմնական կանոնների իրագործում: Ստորև կնշենք այդ կանոնները.

  1. ապաբարոյականացնել հակառակորդի հանրությանը,
  2. հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն,
  3. անել ամեն ինչ` հակառակորդի մոտ սեփական անհաղթ ուժի մասին համոզմունք ձևավորելու համար:

Փորձենք քարոզչության այս երեք կանոնները դիտարկել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվաքաղաքականության համատեքստում:

Առաջին կանոնը (ապաբարոյականացնել հակառակորդի հանրությանը) Ադրբեջանի համար գրեթե անիրականանալի է, որովհետև նման ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է լծակներ ունենալ` ազդելու համար քարոզչության սուբյեկտ հանդիսացող երկրի հանրության հոգևոր, մշակութային, ազգային արժեքների վրա, իսկ Ադրբեջանը Հայաստանում նման լծակներ չունի: Սակայն ժամանակակից առևտրայնացված լրատվամիջոցների ժամանակաշրջանում հանրության ապաբարոյականացման և դեգրադացիայի գործը կարող են իրականացնել սեփական երկրի լրատվամիջոցները, գլոբալ տեղեկատվական հոսքերի և սեփական ֆինանսական շահի ազդեցությամբ: Այս պատճառով կամա թե ակամա Հայաստանի հակառակորդ պետությունների գործն արվում է ներսի ուժերի ձեռքով: Տեղեկատվամիջոցների նման հակասոցիալական գործընթացը դադարեցնելու համար անհրաժեշտ է երկրում իրականացնել հոգևոր, մշակութային, ազգային արժեքների պահպանությանն ուղղված մեդիաքաղաքականություն, միևնույն ժամանակ պետք է որոշակիորեն զտվեն հանրության ապաբարոյականացմանն աջակցող միջազգային տեղեկատվական հոսքերը (շոու-բիզնես, ֆիլմեր, մուլտֆիլմեր):

Քարոզչության երկրորդ կանոնը (հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն) մեր հիմնական հակառակորդի (Ադրբեջան) համար ավելի իրատեսական է և այդ ուղղությամբ հստակ քայլեր իրականացվում են, ինչն ընթանում է հայկական կողմից տեղեկատվական պատասխանի բացակայության կամ անհրաժեշտ չափի և ձևի տեղեկատվաքաղաքականության չգոյության պայմաններում: Մասնավորապես խոսքը գնում է Արցախի հարցում հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի մասին: Ըստ Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության՝ Արցախը միշտ եղել է ադրբեջանական, իսկ հայերը բնակվել են այստեղ` սկսած 18-19-րդ դարերից: Իսկ եթե հայերն Արցախում եկվոր են, ուրեմն հայերի պայքարն Արցախի համար անարդար է: Սակայն եթե ադրբեջանցիները չեն կարողացել հայկական շրջանակներում ողջ Արցախի նկատմամբ ձևավորել «ոչ հայկական» լինելու դիրքորոշում, ապա Արցախի որոշ շրջաններ ՀՀ լայն զանգվածների համար դարձել են «ոչ հայկական»: Խոսքը գնում է Խորհրդային Ադրբեջանի վարչական հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս մնացած և այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում գտնվող 7 շրջանների մասին: Քանի որ այդ շրջանների մի մասում վերջին 100-150 տարիների ընթացքում տեղացի հայերի կոտորածի ու տեղահանությունից հետո վերաբնակվել էին մուսուլման տարրեր՝ այդ շրջանները ՀՀ հանրային լայն զանգվածների, ինչպես նաև իշխանական որոշ ուժերի համար[2] դիտարկվում են որպես «ոչ հայկական» և որպես հետևանք՝ դրանց համար պայքարը՝ ոչ արդար[3]: Սակայն պետք է նշել, որ ԼՂՀ նշված շրջանների նկատմամբ Ադրբեջանի քարոզչությանը հայկական կողմից մի փոքր հակադարձելու դեպքում գոնե հայկական տեղեկատվական դաշտում պատկերը կփոխվի մեր օգտին, որովհետև ճշմարտությունը Հայաստանի կողմն է:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ քարոզչության երկրորդ կանոնի կիրառման հարցում (հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն) Ադրբեջանն ունի լուրջ հաջողություններ:

Իսկ քարոզչության երրորդ կանոնի (անել ամեն ինչ, թշնամու անհաղթ ուժի մասին համոզմունք ձևավորելու համար) իրականացման հարցում Ադրբեջանի հաջողություններն ավելի տեսանելի են, քանի որ սեփական բանակի «օր-օրի հզորացման» և Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններն ամենօրյա բնույթ են կրում և հայկական լրատվամիջոցների «բարեխիղճ» աշխատանքի շնորհիվ ադրբեջանցի գործիչների ռազմատենչ հայտարարությունները հասնում են հայ լսարանին: Բացի այդ, հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում էլ Ադրբեջանը պատերազմ սկսելու թեման մշտապես շահարկում է:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Անկախ Հայաստանի (Անկախ Հայաստան ասելով` մենք նկատի ունենք ՀՀ-ն և ԼՂՀ-ն) տեղեկատվաքաղաքականության բացթողումների պատճառով Ադրբեջանը տեղեկատվական ոլորտի որոշ ռազմավարական կարևորություն ունեցող հարցերում ունի հաջողություններ, որոնք, քարոզչության օրենքներին համապատասխան, ապագայում կարող են վերածվել հաջողությունների` ֆիզիկական ոլորտում:


[1] “Оранжевые сети от Белграда до Бишкека”. Ответственный редактор доктор истарических наук Н. А. Нарочинская, Санкт-Петербург 2008г. С. 31

[2]http://news.am/am/news/7068.html ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարել էր, որ եթե նույնիսկ ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ապա միեւնույնն է` Աղդամն ու Հորադիզը մնալու են ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Աղդամն ու Հորադիզը ԼՂՀ այն նույն շրջաններն են, որոնք սովետական շրջանում դուրս մնացին ԼՂԻՄ-ի տարածքից, բակց պատմականորեն միշտ եղել են Արցախի անբաժան մասը:

[3] Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջակա շրջանների հայկականության ամենախոսուն վկայություններն այդ տարածքում հայկական հուշարձանների առկայությունն է: Տես՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը», վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի, Երևան 2006թ. էջ 338, Սամվել Կարապետյան, «Հայկական պատմական հուշարձանները ազատագրված շրջաններում»:


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն