Իսրայելը երազում է, որ իրականություն չդառնա Թուրքիա-Իրան ջերմացումը
Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Իսրայելի արդյունաբերության նախարար Բենամին Բեն Էլիեզերը:
Էլիեզերը հույս է հայտնել, որ իր այցը անարդյունք չի լինի, և երկու երկրները կրկին կկարողանան վերականգնել նախկին հարաբերությունները: Մինչդեռ Դավութօղլուն ակնարկել է, որ Թուրքիան անտարբեր չի կարող մնալ Գազայի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Թե ինչպիսի արդյունք կունենան թուրք-իսրայելական բանակցությունները, դեռևս հայտնի չէ: Վերլուծաբանները վստահ են, որ նախկին ջերմ հարաբերությունների մասին խոսելը դեռ վաղ է:
Իսրայելի նախագահ Շեմոն Պերեսը այս առիթով ամերիկյան «Defense News» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն. «Մենք պետք է լինենք շատ զգոն, որ չվնասենք երկկողմ հարաբերություններին, որով շահագրգիռ են երկու կողմերն էլ»: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիա-Իրան մերձեցումը իրականություն չի դառնա:
ArmAr.am












