ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Օլիվյե Դեկամպին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:
Պարոն Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բյուջեի վերաբերյալ ելույթը Ազգային ժողովում: Նա նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել 150 միլիոն դոլարի ներդրումներ, ինչը ՎԶԵԲ-ի ղեկավարի խոսքով պատմական ռեկորդ է: Նա Հայաստանում իրականացվող բարեփոխումները գնահատել է շատ համարձակ եւ նշել, որ բանկը հետաքրքրված է կենսաթոշակային ու ապահովագրական հիմնադրամների ստեղծմամբ: Ի թիվս այլ ծրագրերի, նշվել է նաեւ, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ,«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
ArmAr.am












