Հայկական երաժշտությունը՝ միջազգային փառատոնում
Նոյեմբերի 24-ին Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան ռուսական մշակույթի պալատում մեկնարկել է «Մշակույթների համադրում մեկ աշխարհում» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային փառատոնը։ Հանդիսությանը մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած երիտասարդներ և ուսանողներ։ Միջոցառման 3 օրերի ընթացքում նրանք կներկայացնեն իրենց ազգային մշակույթն ու արվեստը։
Փառատոնի` նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Աշխարհի երաժշտության հնչյունները» համերգային ծրագրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը: Խմբավար Անժելա Մանուկյանի գլխավորությամբ երգչախումբը հանդես եկավ հայ երգարվեստի ոգին և շունչը մարմնավորող Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների կատարումներով` հոգեկան մեծ բավականություն պարգևելով հանդիսականին:
ArmAr.am












